Հունվարի 1-ից թղթի փող չշարժվի երկրում. Փաշինյան
Հայաստանում բոլոր աճուրդները, վաճառքները, անգամ տարեցների թոշակները բացառապես պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա գործադիր մարմնի ներկայացուցիչներին երկու շաբաթ ժամանակ տվեց հարցը վերջնականապես լուծելու և հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային եղանակին անցնելու համար` լիովին հանելով կանխիկի շրջանառությունը։
«Եթե անգամ էլեկտրաէներգիայի խափանում է տեղի ունեցել, ոչինչ, թող այդ գույքը մեկ շաբաթ հետո վաճառվի։ Համաշխարհային ինտերնետն անջատվեց, ոչինչ, թող այդ գույքը չօտարվի։ Միայն ու միայն, բացառապես էլեկտրոնային տարբերակով։ Ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի գույքը, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ. միայն թե լինի էլեկտրոնային վաճառք»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով նաև թոշակների հարցին` վարչապետը նշեց, որ մինչև հիմա իր համար անհասկանալի է մնացել, թե ինչու է 75 տարեկանից բարձր անձանց դեպքում թոշակը տրվում կանխիկ։
«Թոշակների դեպքում հունվարի 1-ից թղթի փող չշարժվի հանրապետությունում։ Բոլորը, առանց բացառության, թոշակը ստանում են էլեկտրոնային եղանակով»,- հայտարարեց նա։
Նա պատկան մարմիններին երկու շաբաթ ժամանակ տվեց թոշակները միայն քարտերի միջոցով փոխանցելու հարցը լուծելու համար։





























