Իրավապահ համակարգի երևակայության զինանոցը հայտարարում եմ սպառված. Սերժ Սարգսյանի փաստաբան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարությամբ է հանդես եկել։


«ՀՀ իրավապահ համակարգի երևակայության զինանոցը հայտարարում եմ սպառված…


Երեկ ուշ երեկոյան «հանկարծ» առաջացավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու անհրաժեշտություն:


Ինչու «հանկարծ», քանի որ օրվա ընթացքում պարզվեց, որ դատարանները չհավատացին դատախազության բերած այն հերյուրանքին, որ նախագահը կարող է դիմել փախուստի:


Ինչ եղավ ժամեր անց… երբ ամբողջ իրավապահ համակարգով այլևս ասելիք չես ունենում, բայց ՀՀ երրորդ նախագահի ելքը ՀՀ-ից պետք է ամեն գնով սահմանափակել, օգնության բերվեցին 2019 թվականից դարակներում պահված քսան-քսանհինգ տարի առաջվան վերաբերող մահացած մարդկանց ցուցմունքները, ցուցմունքներ, որոնցից անգամ ցուցմունք տվողն էր հրաժարվել դեռևս 2019 թվականին` կենդանության օրոք՝ պարզ բացատրելով, որ իր ցուցմունքի ապաշնորհ թարգմանություն է կատարվել:


Հարց եմ տալիս, բա 2019 թվականից հետո նո՞ր հիշեցիք։ Քանի՞ տարի է անցել, բա ինչի՞ էիք պահում էդ «հզոր» գործը… հաա, հասկացա, հիշեցիք, երբ դատարանները չարգելեցին նախագահի ելքը… պարզ է, ամեն ինչ պարզ. կարճ ասած, դուք եք ընտրել ձեր ճանապարհը և քանի որ իրավաբան եմ, հրապարակային խոսքս ավարտեմ այսպես` կհանդիպենք դատարանում…»,- նշել է Մակինյանը։

Քաղաքականություն