Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները փորձել են համոզել Թրամփին նվազեցնել մաքսատուրքը
Շվեյցարիայի խոշոր ընկերությունների ղեկավարները, այդ թվում՝ Rolex և Cartier բրենդների ներկայացուցիչները, հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ փորձելով հասնել շվեյցարական ապրանքների ներկրման վրա սահմանված 39% մաքսատուրքի նվազեցմանը, հայտնում է Tribune de Genève-ը։
Ըստ աղբյուրի՝ շվեյցարացի գործարարների պատվիրակությունը հատուկ այցելել է Վաշինգտոն՝ անձամբ բանակցելու Թրամփի հետ։ Սակայն Օվալյան գրասենյակում կայացած հանդիպումը չի բերել սպասվող արդյունքին․ մաքսատուրքերի նվազեցման վերաբերյալ հստակ որոշում չի կայացվել։
Bloomberg-ի տվյալներով՝ մի շարք այլ շվեյցարական ընկերություններ ևս հետաքրքրված են խնդրի արագ կարգավորմամբ և դիտարկում են ԱՄՆ իշխանությունների հետ ուղղակի բանակցությունների տարբերակը՝ շուկայում բարձր մաքսատուրքերի բացասական հետևանքներից խուսափելու նպատակով։





























