Իրավիճակը իրոք ճգնաժամային է. Փաշինյանը՝ խցանումների մասին
Ես համարում եմ, որ իրավիճակը իրոք ճգնաժամային է։ Ես դա տեսել եմ: Տարօրինակ էր հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը։ Այդ մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Երևանում խցանումների խնդրին:
«Հանձնարարել եմ, որ աշխատանքային խումբ ստեղծվի։ Նախ պետք է գնահատենք, թե ինչն է պատճառը: Այո, մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, վթար կարող է լինել, բայց, մեծ հաշվով, պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևան քաղաքում։ Եվ պետք է հասկանանք՝ այդ երևույթի հետ ինչպե՞ս վարվենք: Հնարավոր է նաև դժվար լուծումների անհրաժեշտություն լինի»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով՝ տեխնիկական կարգավորումների տեղ միշտ էլ կա: «Բայց հասկանում եք՝ մեքենաների թիվը ահռելի է, և ամեն օր շատանում է։ Ավելին՝ մենք էլ ենք որոշումներ կայացնում՝ էլեկտրական մեքենաների համար արտոնություններ սահմանելով, և դրանց թիվն էլ ավելի է մեծանում։
Եվ պետք է հասկանանք, որ Երևանի փողոցների կարողությունները անսահմանափակ չեն։ Իհարկե, կարճաժամկետ լուծումներ պետք է գտնվեն, իսկ երկարաժամկետում պետք է հասկանալ, թե ինչ անել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։





























