10 կգ թմրամիջոց. Հայաստանում ձերբակալվել են մաքսանենգությամբ զբաղված օտարերկրացիներ

2025 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ օտարազգի քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերել և 50 հազար ԱՄՆ դոլարի դիմաց վաճառել առանձնապես խոշոր չափերով՝ 10 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների համատեղ մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 28-ին օտարազգի երկու քաղաքացի խմբի կազմում ապօրինի հատել են Հայաստանի պետական սահմանը և մաքսանենգությամբ տեղափոխել շուրջ 7․5 կգ «Մարիխուանա»՝ իրացման նպատակով։ Նույն օրը նրանք ձերբակալվել են։


Բացի այդ, քննությամբ պարզվել է, որ օտարերկրացիներից մեկը, որն ավելի վաղ ազատազրկվել էր ապօրինի սահմանահատման համար, 2025 թվականի ապրիլին պատիժը կրելուց հետո կրկին առանց փաստաթղթերի ապօրինի հատել է ՀՀ պետական սահմանը։


Օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ, 399-րդ և 469-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությանը և պետական սահմանի ապօրինի հատմանը։


Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Քաղաքականություն