Միայն 2 ուսուցիչ է, որ պետք է ստանա 700 000 դրամից ավելի վարձատրություն. Փաշինյան
Նոյեմբերի 8-ից Հայաստանում մեկնարկող ուսուցիչների ատեստավորման գործընթացին արդեն իսկ դիմել է ավելի քան 8000 ուսուցիչ։ Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ հպարտորեն նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե հիշողությունս չի դավաճանում, սա ամենամեծ թիվն է, որ մենք ունեցել ենք, ինչը նշանակում է, որ ատեստավորման գործընթացի նկատմամբ վստահությունն ու հետաքրքրությունն ավելացել է։ Սա նշանակում է, որ հունվարի և դեկտեմբերի արդյունքներով վարձատրության այս սանդղակներում կունենանք թարմացումներ ու բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվը կավելանա»,- հայտարարեց վարչապետը։
Փաշինյանը նաև ներկայացրեց ուսուցիչների վարձատրության սանդղակը, թե քանի ուսուցիչ որքան գումար է ստանում։
Ըստ այդ տեղեկության` 2025 թ. սեպտեմբերի դրությամբ ՀՀ-ում 2 118 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ վարձատրություն, 863 ուսուցիչ` 400-500 հազար դրամ վարձատրություն, 109 ուսուցիչ` 500-600 հազար դրամ վարձատրություն, 22 ուսուցիչ` 600-700 հազար դրամ վարձատրություն, և միայն 2 ուսուցիչ` 700 հազար դրամից ավելի վարձատրություն։
«Հանրապետությունում ընդամենը երկու ուսուցիչ է որոշել, որ պետք է ստանա 700 հազար դրամից ավելի վարձատրություն»,- ընդգծեց վարչապետը։
Ըստ նրա` այս երկու ուսուցչի օրինակը պետք է ազդակ լինի նաև մյուսների համար։





























