Փաշինյանը՝ ՀԷՑ-ը գնելու հարցի մասին

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին՝ արդյոք Կառավարությունը պատրաստվում է գնել ՀԷՑ-ը սեփականատերերից:


«Պիտի սպասենք ՀԾԿՀ-ի որոշմանը, և այդ որոշումից հետո մեր մոտեցումները ձևակերպենք: ՔՊ համաժողովի իմ ելույթում երկու սցենար նշեցի: Սցենարները մնում են ուժի մեջ: Որոշումը ինչ-որ մի բովանդակություն է ունենալու, որը կա՛մ հնարավոր է դարձնելու, կա՛մ անհնար մեր մտածած սցենարները:


Շարունակությունը գնից է կախված, իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում: Եթե դա կլինի տրամաբանական գին, ես ասել եմ, որ Կառավարությունը շատ լրջորեն կքննարկի, եթե գինը շատ մեծ կլինի, և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով: Դա հնարավոր կամ անհնար կդառնա ՀԾԿՀ-ի որոշումով:


Երկրորդ սցենարն այն է, որ ինչ որ սցենարով մասնավորեցվում է միջազգային հեղինակություն ունեցող մասնագիտված ընկերության, բայց Կառավարությունը որոշակի ներկայություն թե՛ օրենսդրական կարգավորումով, թե՛ բաժնետոմսով ունենում է. դա արդեն կքննարկվի: Բոլոր դեպքերում պետք է վճարում լինի ՀԷՑ-ին. մի սցենարի դեպքում՝ Կառավարությունը, մյուս սցենարով՝ նա, ով ձեռք կբերի, քանի որ ձեռք է բերում Կառավարության միջամտությամբ, բայց ձեռք է բերում մյուս ընկերությունից»,- ասաց վարչապետը:

Քաղաքականություն