Զորակոչիկի հորը մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ զորակոչից խուսափելու օժանդակության համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում պարզվել են տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկի հայրը մի խումբ անձանց հետ միասին օժանդակել է որդու կողմից հիվանդության սիմուլյացիայի և խաբեության այլ եղանակներով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու փորձին։


Քննչական մարմնի հաղորդմամբ՝ փորձը չի հաջողվել, քանի որ ՀՀ ՊՆ կենտրոնական բժշկական հանձնաժողովը զորակոչիկին ճանաչել է պիտանի ծառայության համար, և վերջինս մեկնել է պարտադիր զինվորական ծառայության։


Գործի նախաքննության ընթացքում վեց անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 46-44-461-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու փորձին օժանդակելու համար։


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ներկայացնելու միջնորդությամբ։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Պատահարներ