Բագրատաշենում և Ագարակում բեռնատարների համար նոր պարտադիր կանոն է սահմանվում
Արտահանման գործընթացները դյուրացնելու և արտահանումը խթանելու նպատակով Կառավարությունը նախատեսում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։ Համապատասխան նախագիծը Կառավարության՝ հուլիսի 23-ի նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել կայանատեղիների գործունեության իրավական հիմքեր և միաժամանակ մասնավոր հատվածին հնարավորություն տալ ներդրումներ կատարել այդ ենթակառուցվածքներում։ Ըստ ՊԵԿ նախագահի՝ որոշման նախագիծը հրապարակային օֆերտա է մասնավոր ներդրողների համար, որպեսզի մաքսային անցակետերի հարակից տարածքներում ստեղծվեն ժամանակակից կայանատեղիներ, որտեղ քաղաքակիրթ պայմաններում կսպասարկվեն դեպի այլ երկրներ արտահանում իրականացնող բեռնատարները։
«Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»,- ասաց նա:
Կուտակային կայանատեղիներ կստեղծվեն երկու մաքսային անցակետերի՝ Բագրատաշենի և Ագարակի հարակից տարածքներում։ Այդ անցակետերով երթևեկող բեռնատարների համար կուտակային կայանատեղի մուտք գործելը պարտադիր կլինի, և միայն դրանից հետո նրանք կկարողանան շարժվել դեպի մաքսային անցակետ։
Նախագծով սահմանվում են նաև կայանատեղիների տեխնիկական պահանջները․ դրանք պետք է գտնվեն մաքսային անցակետից առավելագույնը 20 կմ հեռավորության վրա, ունենան առնվազն 3000 քառակուսի մետր մակերես, լինեն ասֆալտապատ կամ բետոնապատ, ապահովված լինեն համապատասխան գծանշումներով, էլեկտրոնային թվային կառավարման համակարգով և տեսախցիկներով։ Կայանատեղիների համակարգերը պետք է փոխգործակցեն նաև ՊԵԿ-ի մաքսային թվային համակարգերի հետ։
Ըստ ՊԵԿ նախագահի՝ հերթերի կառավարման համակարգը թափանցիկ է լինելու, տեսանելի բոլորին, կայքի տրամաբանությամբ, երևալու է՝ կայանման համար ինչ տեղեր կան: «Գնի համար առավելագույն չափ է սահմանվում. խոսքը 5000 դրամի մասին է, այսինքն՝ մինչև 5000 դրամ յուրաքանչյուր ներդրող կարող է առաջարկ ներկայացնել պահանջները բավարարելու դեպքում»,- տեղեկացրեց նա:
ՊԵԿ նախագահը նշեց, որ կուտակային կայանատեղիներից մաքսային անցակետեր շարժվելու հերթականության համար սահմանվելու են 3 առաջնահերթ կատեգորիաներ։ Առաջին հերթին առաջնահերթություն կտրվի արագ փչացող բեռներին՝ կենդանի ձկներին, մսին և մսամթերքին, կաթնամթերքին, բանջարեղենին և շուտ փչացող այլ ապրանքներին։ Երկրորդ առաջնահերթությունը կվերաբերի հատուկ մաքսային ընթացակարգով տեղափոխվող բեռներին, այդ թվում՝ միջազգային միջոցառումների համար նախատեսված ապրանքներին, դիվանագիտական բեռներին և դոնորական օգնության շրջանակում տեղափոխվող ապրանքներին։ Երրորդ առաջնահերթությունը կտրամադրվի լիազորված տնտեսական օպերատորներին, ինչպես նաև բարեխիղճ հարկ վճարողներին, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված չափանիշներին։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...