Խոշոր հրդեհ Վարշավայում․ Ford-ի ավտոսրահն ամբողջությամբ այրվել է
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հուլիսի 23-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով Ford ավտոսրահի և ավտոսպասարկման կետի շենքերը։ Այդ մասին հայտնում է RMF24-ը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ կրակը տարածվել է միմյանց միացված ավտոսրահի և ավտոսպասարկման կետի՝ մոտ 80×40 մետր չափերով շենքերի վրա։
Հրդեհի հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է շուրջ 3500 քառակուսի մետր տարածք։ Բաց կրակը հաջողվել է մարել, որից հետո հրշեջները շարունակել են ջրով հովացնել շինությունները՝ կրկնակի բռնկումը կանխելու նպատակով։
Ականատեսների խոսքով՝ հրդեհի ընթացքում լսվել են ավտոմեքենաների պայթյուններ։ Նրանք նշել են, որ ավտոսրահի և ավտոսպասարկման կետի ներսում գտնվող բոլոր մեքենաներն այրվել են։ Բացի այդ, կրակը վնասել է նաև մոտ 10 ավտոմեքենա, որոնք կայանված էին հարակից տարածքում։ Ականատեսները հայտնել են նաև անվադողերի և մարտկոցների բռնկումների մասին։
Չնայած խոշոր հրդեհին՝ հարևանությամբ անցնող S8 արագընթաց մայրուղու երթևեկությունը չի սահմանափակվել։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը, իսկ հրդեհի պատճառները կպարզվեն փրկարարական աշխատանքների ավարտից հետո։