Հնդկաստանը կսկսի ռուսական SJ-100 քաղաքացիական ինքնաթիռների արտադրությունը
Հնդկական պետական Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է սկսել ռուսական SJ-100 ուղևորատար ինքնաթիռների արտադրությունը՝ Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական կորպորացիայի (ՕԱԿ) հետ ստորագրված համաձայնագրի շրջանակում։
Ինչպես հայտնում է Bloomberg-ը, համաձայնագիրը կնքվել է HAL-ի և Ռուսաստանի ՕԱԿ-ի միջև՝ «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գտնվող կառույց։ Ըստ ընկերության՝ սա կլինի առաջին անգամը, երբ Հնդկաստանում կարտադրվի լիարժեք քաղաքացիական ուղևորատար ինքնաթիռ։
HAL-ը չի հստակեցրել, արդյոք համագործակցությունը ներառում է տեխնոլոգիաների փոխանցում, ինչպես նաև չի պատասխանել ֆինանսավորման չափի և նախագծին մասնակցող ավիաընկերությունների հնարավոր հետաքրքրության վերաբերյալ հարցերին։
Նշվում է, որ համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հնդկաստան կատարելիք այցից անմիջապես առաջ։
Ներկայում SJ-100 ինքնաթիռը և դրա ՊԴ-8 շարժիչը գտնվում են սերտիֆիկացման փուլում։ Թռիչքային փորձարկումները սկսվել են գարնանը։ Սկզբում նախատեսվում էր ավարտել դրանք տարեվերջին, սակայն «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովի խոսքով՝ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, ամենայն հավանականությամբ, կավարտվեն հաջորդ տարվա սկզբին։





























