Թեհրանը հայտարարել է, որ սպառնալիքների պայմաններում ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն անցկացնի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի սկսի ԱՄՆ-ի հետ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ, քանի դեռ Վաշինգտոնը շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ պատվելու մեծն այաթոլլա Խամենեիին և նրա ժառանգությունը։ Ո՛չ նրանք, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերը չեն վախենա որևէ սպառնալիքից», - նշել է Արաղչին։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն կարող սկսվել, քանի դեռ շարունակվում են սպառնալիքները։
«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չեն սկսվի, քանի դեռ շարունակվում են սպառնալիքները։ Հարգեք ձեր ստորագրությունը», - ընդգծել է Իրանի ԱԳ նախարարը։
Արաղչու հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոշտ հայտարարություններին։ Հուլիսի 6-ին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփը հայտարարել էր, որ եթե դիվանագիտական համաձայնություն չձեռք բերվի, Վաշինգտոնը պատրաստ է կարճ ժամանակում ամբողջությամբ ոչնչացնել Իրանի կարևոր ենթակառուցվածքները։
«Մենք այսպես թե այնպես հաղթելու ենք։ Մենք կամ համաձայնագիր կկնքենք, կամ գործն ավարտին կհասցնենք։ Դա դժվար չի լինի։ Ես կնախընտրեի գործարք կնքել, որովհետև չեմ ուզում ազդել 91 միլիոն մարդու վրա։ Սակայն մենք կարող ենք մեկ ժամում ոչնչացնել նրանց կամուրջները, խափանել էներգամատակարարումը և ոչնչացնել էլեկտրակայանները։ Նրանք դա գիտեն»,- հայտարարել էր Թրամփը, որի ելույթի տեսանյութը հրապարակել էր Fox News-ը։