Կալուգայի մարզում ԱԹՍ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավթավերամշակման ձեռնարկությունում
Ռուսաստանի մի շարք շրջաններ գիշերը ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակման։ Ռուսական իշխանությունների հաղորդմամբ՝ վնասներ են գրանցվել արդյունաբերական և էներգետիկ օբյեկտներում, կա նաև զոհ և վիրավորներ։
Կալուգայի մարզի ղեկավար Վլադիսլավ Շապշան հայտնել է, որ Դերժինսկի շրջանում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել անօդաչու սարքերի հարձակման հետևանքով։
Ըստ բաց աղբյուրների՝ այդ տարածքում տեղակայված են «Առաջին գործարան» նավթավերամշակման ձեռնարկությունը, նավթային պահեստներ, ինչպես նաև թղթի և ցելյուլոզի ոլորտի մի շարք խոշոր արտադրություններ։ Ռուսական և տեղական աղբյուրները պնդում են, որ հարվածներից մեկը հասցվել է «Առաջին գործարան» մինի-նավթավերամշակման ձեռնարկությանը, որի նախագծային արտադրական հզորությունը տարեկան շուրջ 1,2 միլիոն տոննա է։
Միաժամանակ, Բելգորոդի մարզում, ըստ տեղական իշխանությունների, գիշերը տեղի է ունեցել զանգվածային հրթիռային հարձակում։ Մարզի ղեկավար Ալեքսանդր Շուվաևի խոսքով՝ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածք, ինչի հետևանքով Բելգորոդ քաղաքի որոշ հատվածներում առաջացել են էլեկտրամատակարարման և ջրամատակարարման խափանումներ։
Նրա տվյալներով՝ Բելովսկոյե գյուղում մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։
Ռուսական «Պեպել» տելեգրամ-ալիքը հայտնել է, որ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել գազատարների գծային արտադրական վարչության տարածքում, ինչի հետևանքով Բելգորոդում որոշ բնակավայրերում գազամատակարարման խնդիրներ են առաջացել։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ հրդեհներ են գրանցվել նաև բռնակցված Ղրիմի տարածքում։ Մասնավորապես նշվում են «Արևմտյան Ղրիմ» ենթակայանի, Ս-400 զենիթահրթիռային համակարգերի դիրքերի և «Սակի» ենթակայանի հարակից հատվածները։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր շրջանների, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա ՀՕՊ համակարգերը խոցել են 452 անօդաչու թռչող սարք։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի ուղղությամբ արձանագրվել է ավելի քան 430 ԱԹՍ-ի մոտեցում։ Նրա խոսքով՝ դրանց մեծ մասը ոչնչացվել է քաղաքին չհասած, իսկ 36 անօդաչու սարք խոցվել է Մոսկվային մոտենալու ընթացքում։
Տեղեկությունները ներկայացվում են ռուսական պաշտոնական և տեղական աղբյուրների հաղորդումների հիման վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներում անցկացվել են ուսո...
«Կամ համաձայնագիր, կամ ԱՄՆ-ը կավարտի սկսածը»․ Թրամփի այս հայտարարությանը Իրանը կոշտ պատասխան է տվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների շուրջ վերջին հայտարարություններին...
Ռուսաստանը հայտնում է՝ մեկ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 452 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցած գիշեր երկրի տարբեր շրջանների և հարակից տարածքների վրա ՀՕՊ համակ...
Ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակումներ Ռուսաստանի մի շարք շրջանների վրա․ Կան զոհ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի մի շարք շրջանների վրա։ Հարվածների հետևանքով վնասներ են գրանցվ...