Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականից կդառնան պարտադիր. Թորոսյան

Էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը, որոնք 2026 թվականից կդառնան պարտադիր, պետք է պաշտպանեն աշխատող անչափահաս քաղաքացիների իրավունքները։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմենուհի Ղազարյանի հարցին։


Պատգամավորը նշեց, որ զգալի թվով անչափահասներ այսօր աշխատում են առևտրի և ծառայությունների ոլորտում, սակայն նրանցից շատերն աշխատում են առանց գրանցման:


Թորոսյանը հիշեցրեց, որ ՀՀ-ում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգն արդեն ներդրվել է, առայժմ այն կամավոր է, բայց 2026 թվականի հունվարի 1-ից կդառնա պարտադիր: Դրա շնորհիվ Աշխատանքի և առողջապահության տեսչություններին ավելի հեշտ կլինի ստուգել աշխատանքային պայմանները:


«Այնուամենայնիվ, կարևոր է, որ անչափահասների աշխատանքային իրավունքների խախտումներին արձագանքեն ոչ միայն տեսչությունները, այլև մենք բոլորս։ Եթե մենք նման բան ենք տեսնում, պետք է այդ մասին հայտնել»,- հայտարարեց նախարարը։


Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն` 14-16 տարեկան անձինք կարող են աշխատել շաբաթական 24 ժամից ոչ ավելի, 16-18 տարեկանները՝ 36 ժամից ոչ ավելի:

Քաղաքականություն