
Իրանի ԱԳՆ-ն պաշտոնական նամակով դիմել է ՄԱԿ-ին

Իրանը ՄԱԿ–ին պաշտոնապես տեղեկացրել է, որ միջուկային գործարքի մասին բանաձևն ուժը կորցրել է։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է ուղարկել, որում հաստատել Է Թեհրանի դիրքորոշումն առ այն, որ 2231 բանաձևը վերջնականապես կորցրել է իր ուժը և դադարել է գործել։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը բարեխղճորեն և իր պարտավորություններին խիստ համապատասխան ընդունել ու ամբողջությամբ կատարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ):
«Չնայած Իրանի կողմից պարտավորությունների լիարժեք կատարմանը` Ամերիկայի Միացյալ Նահանգները, գործելով իր պարտավորությունների ակնհայտ խախտմամբ, սկզբում չկատարեց դրանք, իսկ այնուհետև 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից՝ կրկին սահմանելով և ընդլայնելով իր անօրինական միակողմանի և արտատարածքային պատժամիջոցները», - նշել է նախարարը:
Նրա խոսքով՝ այդ միջոցները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության լուրջ խախտում էին և լրջորեն խոչընդոտում էին ԳՀՀԾ-ի իրականացումը:
Արաղչին ընդգծել է` եվրոպական մասնակիցները, մասնավորապես Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան, որոնք ի սկզբանե պարտավորվել էին հետևել համաձայնագրին և փոխհատուցել ԱՄՆ-ի դուրս գալը, ոչ միայն չեն կատարել իրենց պարտավորությունները, այլև լրացուցիչ անօրինական պատժամիջոցներ են սահմանել Իրանի քաղաքացիների և կազմակերպությունների նկատմամբ՝ ԳՀՀԾ-ի նոր էական խախտումներ անելով:
«Չնայած դրան` Իրանը ցուցաբերել է առավելագույն զսպվածություն և լայնածավալ դիվանագիտական ջանքեր է գործադրել հավասարակշռությունը վերականգնելու և համաձայնագիրը պահպանելու համար»,– հավելել է նախարարը: