Քաղաքապետարանը միակողմանի դադարեցրել է «Մուլտի Ուելնես»-ի պայմանագիրը՝ 16 մլն դրամ պարտքի պատճառով
«Փաստինֆո»-ն հայտնում է, որ Երևանի քաղաքապետարանը միակողմանի դադարեցրել է «Մուլտի Ուելնես Կենտրոն» ՍՊԸ-ի հետ կնքված կառուցապատման իրավունքի պայմանագիրը։ Ըստ քաղաքապետարանի՝ դրա հիմքում եղել են մի քանի պատճառներ, այդ թվում՝ համայնքի հանդեպ ընկերության ունեցած շուրջ 16 միլիոն դրամի չմարված պարտավորությունը։
Երևանի քաղաքապետարանը չի վարում առանձին հաշվառում այն ընկերությունների վերաբերյալ, որոնց հետ վերջին ամիսներին պայմանագրերը միակողմանի դադարեցվել են։ «Փաստինֆո»-ն քաղաքապետարանին հարցում էր ուղարկել՝ պարզելու համար, թե 2026 թվականի հունվարից հունիս ամիսներին քանի կազմակերպության է ուղարկվել պայմանագիրը լուծելու մասին ծանուցում, ինչ հիմքերով և որոնք են այդ ընկերությունները։
Քաղաքապետարանը, սակայն, մեկ ամիս անց պատասխանել է, որ նման հաշվառում չի իրականացվում։
Քաղաքապետարանից նշել են, որ Երևան համայնքի և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև կնքված օգտագործման, վարձակալության, կառուցապատման կամ անհատույց օգտագործման պայմանագրերի դադարեցման գործընթացը մշտական բնույթ ունեցող աշխատանք է, որը կատարվում է յուրաքանչյուր դեպքի առանձնահատկություններից և պայմանագրային պահանջներից ելնելով։
Ինչ վերաբերում է հենց «Մուլտի Ուելնես»-ին, ապա քաղաքապետարանից հայտնել են, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոց 11 հասցեում գտնվող 1.262154 հեկտար հողամասի նկատմամբ գրանցված էր «Մուլտի Ուելնես Կենտրոն» ՍՊԸ-ի կառուցապատման իրավունքը։
Ըստ քաղաքապետարանի՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից արձանագրվել է, որ այդ հասցեում կառուցված շենքերն ու շինությունները չեն համապատասխանել հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի պահանջներին։
Բացի այդ, քաղաքային իշխանությունը նշել է, որ ընկերությունն ունեցել է նաև ֆինանսական պարտավորություն համայնքի նկատմամբ՝ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից բխող շուրջ 16 միլիոն դրամի չափով։
Այս հիմքերով քաղաքապետարանը որոշել է դադարեցնել ընկերության իրավունքները տվյալ հողամասի նկատմամբ։ Ըստ քաղաքապետարանի՝ պայմանագրի պայմաններով հողամասի սեփականատերն իրավունք ունի հրաժարվել պայմանագրից՝ կառուցապատողին նախապես մեկ ամիս առաջ ծանուցելու դեպքում։
Նշվում է, որ պայմանագիրը համարվել է լուծված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն։
Միաժամանակ, «Փաստինֆո»-ն ընդգծում է, որ բաց է մնում հարցը՝ ինչ է լինելու «Մուլտի Ուելնես»-ի գույքի հետ, ինչպես նաև այն հնարավոր վնասների փոխհատուցման հարցը, որոնց մասին ընկերությունը նախկինում հայտարարել էր՝ դրանք կապելով քաղաքային իշխանության գործողությունների հետ։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Մուլտի Ուելնես»-ի գործունեությունը դադարեցվել էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողություններից հետո։ Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին իրականացրել ընկերության տարածքում, ինչից հետո մարզասրահի դռները կապարակնքվել էին։ Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ մարզական ակումբն անցել է համայնքի տնօրինության տակ և խոստացել էր, որ այն կվերսկսի աշխատանքը։