Քաղաքականություն

Փաշինյանը ոչինչ չի կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ. Սուրենյանց

Փաշինյանը ոչինչ չի կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը «Հայելի» ակումբում ներկայացրել է իր գնահատականները ռուս-ուկրաինական պատերազմի, տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ։


«Զուտ ֆորմալ առումով Ռուսաստանն է պատերազմը սկսել, բայց պատերազմի ծագումն ու պատճառները պետք է ճշգրիտ ներկայացնել»,- հայտարարել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը մեծ հաշվով ՆԱՏՕ-ի էքսպանսիայի հետևանքն էր, քանի որ արևմտյան երկրների հովանավորությամբ Ուկրաինան հրաժարվեց Մինսկ-1 և Մինսկ-2 համաձայնավորվածություններից։ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականությունը հանգեցրեց պատերազմի, ինչպես որ, ըստ նրա, 2008 թվականին դարձավ Ռուսաստանի և Վրաստանի պատերազմի պատճառներից մեկը։


Սուրենյանցը նշել է նաև, որ արևմտյան աջակցությամբ Ուկրաինան ձեռք է բերել այնպիսի սպառազինություն, որով կարողանում է մինչև 2500-3000 կմ խորությամբ թիրախավորել ՌԴ տարածքը՝ որպես օրինակ հիշատակելով «Վայլդբերիսի» պահեստների չեզոքացումը և ընդգծելով, որ այդ թեման նյութական ու ֆինանսական առումով առնչվում է նաև բազմաթիվ հայերի։


«Հիմա կամ Ռուսաստանը պիտի ընդլայնի պատերազմի աշխարհագրությունը՝ որպես թիրախ ունենալով Ուկրաինայի աջակից եվրոպական երկրները, կամ պիտի ընդունի այն խաղաղության պայմանները, որ Եվրոպան պարտադրում է։ Դատելով Պուտինի հարցազրույցից՝ ռուսները նահանջել չեն պատրաստվում»,- նշել է քաղաքագետը՝ հավելելով, որ Արևմուտքը սեփական խնդիրները լուծում է Ուկրաինայի հաշվին, ինչի պատճառով երկարում է երկրի հոգեվարքը, իսկ Հայաստանի համար ստեղծված իրավիճակը խիստ մտահոգիչ է։


Անդրադառնալով միջազգային հարաբերություններին՝ քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Ռուբիո-Լավրով հանդիպումն առավելապես տեխնիկական բնույթի քննարկում էր։ Նրա համոզմամբ՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը տեսանելի չէ, քանի որ Վաշինգտոնն ու Թեհրանը շարունակում են սկզբունքային տարաձայնություններ ունենալ Հորմուզի նեղուցի կառավարման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Նրա գնահատմամբ՝ ներկա ուժային բալանսի պայմաններում «Թրիփփը» գործնականում իրագործման հնարավորություն չունի, եթե այն չի ներառում Իրանի և Ռուսաստանի շահերը։


Խոսելով Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին՝ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ խնդիրը իրանցի խաբեբաները չեն, այլ իշխանության հաշվեհարդարն է։ Ըստ նրա՝ իշխանությունները, հասկանալով, որ իրանցիների հետ կապված գործը «փուչիկ է», մոգոնում են նոր քրեական պատմություններ Ծառուկյանի դեմ՝ նրան կալանքի տակ պահելու հիմքերը պահպանելու համար։


«Ծառուկյանը, ինչպես և քաղաքական մոտիվացիայով կալանավորված ցանկացած ոք, պատանդ են իշխանության ձեռքում, և մենք պետք է քաղաքական ճանապարհով ազատենք այդ մարդկանց»,- ասել է նա։


Սուրենյանցը նաև նշել է, որ ընդդիմության հիմնական խնդիրը դեռևս դիմադրության առանցք չկառուցելն է՝ ընդգծելով, որ առաջնահերթությունը պետք է լինի ռեպրեսիվ համակարգի ատամները փշրելը։ Նրա խոսքով՝ իշխանությունները շահագործում են մարդկանց սոցիալական վիճակը և այդ կերպ ճնշում գործադրում քաղաքացիների վրա։


Քաղաքագետն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությանը՝ հիշեցնելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետը հեգնել էր ընդդիմությանը՝ ասելով, թե ընտրություններից հետո առաջին այցը Մոսկվա է լինելու։


«Առաջին սուտը բացահայտենք՝ ոչ թե Պուտինի հետ հանդիպում չի եղել, այլ Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում։ Նիկոլ Փաշինյանը ձեզ ստում է, ինքը ոչինչ չի կարողացել պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Մինչև քաղաքական լուծումներ չտրվեն, սանկցիաները շարունակվելու են»,- եզրափակել է Սուրեն Սուրենյանցը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250