Վեյփը կալորիանե՞ր է փոխանցում օրգանիզմին․ BBC-ն պարզաբանում է
Վեյփի օգտագործման հետ կապված տարածված հարցերից է դրա հեղուկներից օրգանիզմին կալորիաներ փոխանցվելու հնարավորությունը։
BBC-ի հաղորդմամբ՝ նման հարցադրման պատճառն այն է, որ վեյփի հեղուկների հիմնական բաղադրամասերից երկուսը՝ բուսական գլիցերինն ու պրոպիլենգլիկոլը, մեկ գրամում պարունակում են շուրջ չորս կալորիա։
Թեև տեսականորեն կարող է թվալ, թե գոլորշիացված հեղուկը ներշնչելիս այդ էներգիան անցնում է մարդուն, մեկ ներշնչման ընթացքում սպառվող էլեկտրոնային հեղուկի ծավալը չափազանց փոքր է։ Մեկ անգամ շնչելիս միջինում օգտագործվում է մոտ 0.05 մլ հեղուկ, ինչը նույնիսկ տեսական հաշվարկներով մեկ կալորիայի 1/4 մասից պակաս է։
Հետևաբար, վեյփի մեկ շնչումից ստացվող հնարավոր կալորիաների քանակն աննշան է։ Այն այնքան չնչին է, որ մարդը, հավանաբար, ավելի շատ էներգիա է սպառում պարզապես վեյփ օգտագործելու կամ չօգտագործելու մասին մտորելիս։
Մարդկային օրգանիզմը կալորիաներ է այրում մշտապես, այդ թվում՝ հանգստի ընթացքում։ Էներգիա է պահանջում նաև ուղեղի գործունեությունը, և նույնիսկ նստած մտածելիս մարմինը շարունակում է էներգիա ծախսել։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վեյփի բաղադրիչները չեն անցնում մարսողական սովորական հունով։ Դրանք չեն կլանվում սննդի նման, հետևաբար չեն վերածվում ճարպային պաշարների։ Նույն տրամաբանությունը վերաբերում է որոշ էլեկտրոնային ծխախոտներում առկա քաղցրացուցիչներին, քանի որ դրանք իրական շաքար չեն պարունակում և չեն գործում սննդային շաքարի նման։
Այսպիսով, թեև վեյփի հեղուկների որոշ բաղադրիչներ օժտված են կալորիական արժեքով, դրանց ներշնչումից ստացվող հնարավոր էներգիայի ծավալը չափազանց փոքր է և կալորիականության տեսանկյունից գործնականում նշանակություն չունի։