Patriot-ի պակասը հետաձգել է ԱՄՆ-ի գործողությունը Իրանի դեմ
Ամերիկացի պաշտոնյաներին հղումով Wall Street Journal-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները հետաձգել է Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության իրականացումը՝ Patriot հրթիռների և հակաօդային պաշտպանության այլ միջոցների սպառվող պաշարների վերաբերյալ մտավախությունների պատճառով:
Հրապարակման մեջ նշվում է, որ գործողության հետաձգումը նպատակ ունի տեղ հատկացնել դիվանագիտությանը, ինչպես նաև հնարավորություն տալ պաշտոնատար անձանց գնահատելու, թե ինչպես մասշտաբային հարվածը կազդի Patriot համակարգերի կալանիչ հրթիռների և ՀՕՊ այլ պաշարների նվազման վրա:
Պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկյան զինվորականները ուրբաթ օրվա դրությամբ պատրաստականության մեջ էին Իրանին հասցնելու ինտենսիվ հարվածների շարք, որը կարող էր ձգվել մինչև երկու շաբաթ։ Թերթը հավելում է, որ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Բրեդ Կուպերի կողմից մշակվել էին գործողության մի քանի տարբերակներ, այդ թվում՝ 10-ից 14 օր տևողությամբ արշավ։
Այնուամենայնիվ, ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ դիվանագիտական լուծումը դեռևս դիտարկվում է որպես հնարավոր տարբերակ, և հայտնել է, որ ամերիկացի ներկայացուցիչները շփման մեջ են Իրանի հետ։
Թրամփի վարչակազմի պաշտոնյաները թերթին հայտնել են նաև, որ Պարսից ծոցի պետությունները, մասնավորապես Օմանն ու Կատարը, փորձեր են ձեռնարկում դիվանագիտական գործընթացը վերականգնելու ուղղությամբ։