Տեղումներ խթանել, մառախուղ ցրել, կարկուտ կանխել․ նոր նախագիծ Հայաստանում
Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ սահմանելու որոշման նախագիծ։
Հայաստանում նախատեսվում է սահմանել մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման միասնական կարգ։
Համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախագծով սահմանվում են հակակարկտային աշխատանքների, տեղումների խթանման, մառախուղի ցրման, ցածր ամպամածության վերացման և այլ օդերևութաբանական երևույթների վրա ներգործության իրականացման նպատակները, մեթոդներն ու անվտանգության պահանջները։
Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունները նախատեսվում է իրականացնել բնակչության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի՝ վտանգավոր օդերևութաբանական երևույթներից պաշտպանության նպատակով։
Դիտված և կանխատեսվող չորային եղանակային պայմաններում կարող են իրականացվել տեղումների խթանման աշխատանքներ։ Մառախուղի ցրումը և ցածր ամպամածության վերացումը նախատեսվում է իրականացնել օդանավակայանների, ավտոմոբիլային ճանապարհների և ռազմավարական նշանակության այլ օբյեկտների անվտանգ գործունեությունն ապահովելու համար։
Ակտիվ ներգործությունները կարող են իրականացվել հրթիռային և ավիացիոն եղանակներով, հակակարկտային կայանքների, քիմիական ռեագենտների, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։ Նախագծով նախատեսվում է, որ աշխատանքները կիրականացվեն օդերևութաբանական դիտարկումների, ռադիոլոկացիոն և արբանյակային տվյալների ու կանխատեսումների վերլուծության հիման վրա՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Նախքան ներգործություն իրականացնելը մասնագիտական կառույցը պետք է գնահատի դրա նպատակահարմարությունը, հնարավոր ռիսկերն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև բնակչության, շրջակա միջավայրի և հարակից տարածքների վրա հնարավոր ազդեցությունը։
Յուրաքանչյուր ներգործության դեպքում պետք է գրանցվեն դրա ամսաթիվը, ժամանակահատվածը, աշխարհագրական կոորդինատները, կիրառված մեթոդներն ու սարքավորումները, օգտագործված նյութերի տեսակն ու քանակը և կատարված աշխատանքի արդյունքները։ Գազային կամ պայթյունավտանգ նյութերով գործող կայանքները պետք է համալրված լինեն գազի արտահոսքի հայտնաբերման և վերահսկման ավտոմատ համակարգերով։
Տեխնիկական անսարքության, գազի արտահոսքի կամ հրդեհավտանգ իրավիճակի դեպքում աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ ոլորտում ներկայում բացակայում է մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունների իրականացման համալիր կարգավորումը։
Որոշման ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի և պետական բյուջեի եկամուտների ու ծախսերի փոփոխություն չի նախատեսում։ Նախագծի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 6-ը։
Նմանատիպ հոդվածներ
Ցուրտ օդային հոսանքները կիջեցնեն ջերմաստիճանը Հայաստանում
Հուլիսի 16-ից սկսած Հայաստանի տարածք են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ, որոնց ազդեցությամբ երկրի ողջ տարածքում ջերմ...
Թուրքիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ տարհանվել են բնակիչներ
Էգեյան ծովին մոտ գտնվող Թուրքիայի Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի Գյոքչեօվաջըք թաղամասի անտառային տարածքում չպարզված հանգա...
Երևանում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Հուլիսի 22-ից Պապ թագավորի - Անրի Վեռնոյի փողոցների խաչմերուկից մինչև Անրի Վեռնոյի – Կարեն Դեմիրճյան փողոցների խաչմերուկ...
Վաղվանից Նոր Գեղիի խաչմերուկում կգործի լուսացույց
Հ-2, /Հ-1/ (Աբովյան)-Արզնի-/Հ-6/ Նոր Գեղի, Հ-5, /Հ-6/ (Նոր Գեղի)-Արգել-Արզական-Հրազդան և Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրա...