Իրանը ադրբեջանական AzTV-ին ներառել է «թշնամական ԶԼՄ-ների» ցանկում
Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը (MEDİA) հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ Իրանը պետական AzTV հեռուստաալիքը ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցանկում։
Գործակալությունը նշել է, որ տարակուսանք է առաջացնում Իրանի հետախուզության նախարարության որոշումը՝ մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ, այդ թվում՝ AzTV-ն, «թշնամական մեդիա» ճանաչելու և դրանց հետ համագործակցող անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության սպառնալիք հնչեցնելու կապակցությամբ։
MEDİA-ն ընդգծել է, որ Ադրբեջանը հավատարիմ է լրագրողների մասնագիտական գործունեության պաշտպանությանը, սակայն առաջնորդվում է նաև փոխադարձության սկզբունքով։ Ըստ հայտարարության՝ «Մեդիայի մասին» օրենքի 11.4-րդ հոդվածի համաձայն՝ եթե որևէ պետություն սահմանափակումներ է կիրառում ադրբեջանցի լրագրողների նկատմամբ, ապա նույնատիպ միջոցներ կարող են կիրառվել նաև այդ երկրի լրագրողների նկատմամբ Ադրբեջանում։
Հաշվի առնելով օրենքի պահանջներն ու փոխադարձության սկզբունքը՝ գործակալությունը հայտարարել է, որ Իրանի Səhər հեռուստաալիքի, Mehr լրատվական գործակալության և դրանց ներկայացուցիչների գործունեությունը Ադրբեջանի տարածքում համարվում է անօրինական։
MEDİA-ի պնդմամբ՝ այդ լրատվամիջոցները գործում են Ադրբեջանի ազգային շահերին հակառակ, ինչպես նաև քարոզչություն են իրականացնում երկրի ինքնիշխանության, սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության դեմ։
Գործակալությունը նաև կոչ է արել Ադրբեջանի բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին չհամագործակցել նշված իրանական մեդիա կառույցների և նրանց ներկայացուցիչների հետ՝ ընդգծելով, որ միջազգային մեդիա համագործակցությունը պետք է հիմնված լինի միայն փոխադարձ հարգանքի և լրագրողների մասնագիտական անկախության վրա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե Եվրոպան կրկին փորձի հարձակվել Ռուսաստանի վրա, դա ոչ ավանդական պատերազմ կլինի. Լավրով
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, սակայն եթե Եվրոպան...
Ումերովը կարող է նոր պաշտոն ստանալ․ Զելենսկին առանձին հանդիպում է նախատեսել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Ռուստեմ Ումերովը կազատվի զբաղեցրած պաշտոնից, իս...
Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը տեղափոխվել է Վերաքննիչ դատարան
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողո...
Մեր նախընտրական խոստումը կատարում ենք այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ կուսակցությունը մեկնարկում է բնակարանայի...