Քաղաքականություն

Ռումինիան ռուսական դեսպանատան աշխատակցին արտաքսել է

Ռումինիան ռուսական դեսպանատան աշխատակցին արտաքսել է

Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը Բուխարեստում Ռուսաստանի դեսպանին կանչել է գերատեսչություն և հայտարարել, որ ռուսական դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը ճանաչվել է persona non grata՝ անցանկալի անձ։ Այս մասին հայտնել է Ռումինիայի ԱԳՆ-ն։


Գերատեսչության տվյալներով՝ որոշման պատճառը հուլիսի 24-26-ը Ռումինիայի օդային տարածքի բազմակի խախտումներն են, որոնք, ըստ Բուխարեստի, իրականացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով։


Միաժամանակ Ռումինիայի ԱԳՆ-ն խորհրդակցությունների նպատակով Բուխարեստ է հետ կանչել նաև Ռուսաստանում իր դեսպանին։


Ռուսաստանի ԱԳՆ-ն դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։


Ռուսական կողմը նախկինում բազմիցս հերքել է իր առնչությունը արևմտյան երկրների տարածքում ընկած անօդաչու սարքերին։ Մասնավորապես, նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռումինիայի տարածքում տեղի ունեցած նման միջադեպերի բոլոր հանգամանքները պետք է պարզվեն մանրակրկիտ և համակողմանի քննության արդյունքում։


Վերջին ամիսներին Ռումինիայում գրանցվել են մի շարք նմանատիպ միջադեպեր։ Մայիսին անօդաչու սարքը բախվել էր Գալացի քաղաքի բնակելի շենքի տանիքին, հունիսին Կոնստանցա նավահանգստում պայթել էր ծովային դրոն, իսկ հուլիսին Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը հայտնել էր, որ F-16 կործանիչը խոցել է երկրի օդային տարածք ներխուժած անօդաչու սարք։ Հաջորդ օրը Ռումինիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր օդային տարածք ԱԹՍ-ի հերթական չարտոնված ներթափանցման մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250