Հասարակություն

Օրենսդրական առաջարկով՝ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Mariam Z.
Օրենսդրական առաջարկով՝ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն են առաջարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը եւ Սիսակ Գաբրիելյանը:


Նախաձեռնությամբ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից: Թագուհի Ղազարյանը նշել է, որ նոր կարգավորմամբ գործելու ճկունություն կտրվի Կառավարությանն ու Հանրային հեռարձակողի խորհրդին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարծիք է հայտնել, որ նախաձեռնությունը «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերության դեմ է: Նրա խոսքով պետության պոզիտիվ առաքելությունն է հանրությանը կրթելը, եւ եթե պետությունը նախանձախնդիր է առողջ հասարակություն ունենալու հարցում, ուրեմն կրթության տարբեր ձեւերից պետք է օգտվի: Պատգամավորի խոսքով բացակայում է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման փաստարկը, կրթամշակութային եւ հոգեւոր հաղորդումների օրենսդրական պահանջը:


Պատգամավորի դիտարկմանը հակադարձել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ նշելով, որ պետության պոզիտիվ պարտականությունն ալիք պահելը չէ, այլ բովանդակությունը քաղաքացիներին փոխանցելը:


«Մենք այս պահին ունենք 5 հաճախականություն կամ ալիք, 2-ը՝ ռադիոյում, 3-ը՝ հեռուստատեսությունում: Ամեն հանրային հեռարձակող կարող է ունենալ 2, 3 ալիք: Սա ալիքի մասին չէ, սա հանրային հեռարձակողի մասին է»,- ընդգծել է օրինագծի համահեղինակը:


Պատգամավորի գնահատմամբ խնդիրը քաղաքացիների հարկերից հավաքված գումարը նպատակային եւ թիրախային օգտագործելն է:


«Կարծում եմ, որ հանրային միջոցներն անարդյունավետ են ծախսվում, երբ չկա մրցակցություն»,- փաստել է հանձնաժողովի փոխնախագահը:


Կրթամշակութային հաղորդումների վերաբաշխման մասով Թագուհի Ղազարյանը նշել է, որ նախորդ տարի ստեղծվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամը, որն այս հաղորդումները բաշխելու է տարբեր հեռուստաալիքների միջեւ եւ ֆինանսավորելու է: Գործընթացն անցկացվելու է մրցույթով: Միջազգային փորձի ուսումնասիրման մասով օրինագծի համահեղինակը նշել է, որ եվրոպական երկրներից շատերն ունեն 1 կամ 2 հանրային հեռարձակող, 3 հանրային հեռարձակող քիչ երկրներ ունեն: Նույնիսկ կան երկրներ, որոնք չունեն հանրային հեռարձակող: Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել «Շողակաթ» հեռուստաընկերության եթերի քաղաքականացված լինելու հարցին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը տեղեկացրել է, որ նախաձեռնության առնչությամբ Հանրային հեռարձակողի խորհուրդն ունեցել է որոշ վերապահումներ, որոնք Կառավարությունում քննարկվել են: Դրանց մասով հարցադրումներ են արվել: Կառավարությունը միաձայն որոշել է, որ նախագծի առնչությամբ առարկություններ չունի: Օրինագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250