
Սպիտակ տունը աշխատանքից կազատի իր աշխատակիցների մոտ մեկ երրորդին

Սպիտակ տունը մտադիր է իր աշխատակիցների մոտավորապես մեկ երրորդին ազատել աշխատանքից՝ ԱՄՆ դաշնային կառավարության մասնակի փակման պատճառով: Այս մասին նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված ծրագրում:
Փաստաթղթի համաձայն՝ Սպիտակ տան 1733 աշխատակիցներից 554-ը ժամանակավորապես չեն ներկայանա աշխատանքի։ Մնացածը կշարունակեն բնականոն աշխատանքը։
Ըստ ծրագրի՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE), որը նախկինում վերահսկվում էր ձեռնարկատեր Իլոն Մասկի կողմից, չի տուժի փակման պատճառով ձեռնարկված միջոցառումներից։ Նրա բոլոր 45 աշխատակիցները կշարունակեն աշխատել։ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը կպահպանի իր 530 աշխատակիցներից 437-ին։
Հիշեցնենք՝ ԱՄՆ դաշնային կառավարությունը մասնակիորեն դադարեցրեց իր գործունեությունը։ Սա տեղի ունեցավ այն պատճառով, որ Կոնգրեսում իշխող Հանրապետական և ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի, այդ թվում՝ առողջապահության վերաբերյալ։ Նրանք միմյանց մեղադրեցին կառավարության դադարեցումը հրահրելու և քաղաքական նպատակներով այն երկարաձգելու մեջ։