
Եթե ժողովուրդը համաձայն չէ «չորրորդ հանրապետության» մոտեցումներին, մեզ չի ընտրի. Գալյան

Ասել, որ քաղաքական թիմը պարտադրում է ինչ-որ մի բան, ի բնե, սխալ է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Երրորդ հանրապետության էջը փակելը և չորրորդ հանրապետություն հռչակելը արդյոք քաղաքական թիմի ցանկությունները ամբողջ ժողովրդին որպես անհրաժեշտություն մատուցել չէ։
«Քաղաքական թիմն այն բանի մասին է, որ ուրվագծում է իր մոտեցումները, ամբողջացնում և ներկայացնում հետագա անելիքները, նաև ծրագրի տեսքով. մենք գիտենք, որ ընտրություններ են նախատեսվում, և եթե ժողովուրդը չի ցանկանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մոտեցումների հետ համաձայն չէ, չի ընտրի։
Չորորդ հանրապետության հռչակման հետ կապված հարցերը, որոնք քննարկվել են կուսակցության համաժողովի ընթացքում, կարող են իրականություն դառնալ միայն ժողովրդի կամքով։ Այլ տարբերակ հնարավոր չէ։ Ժողովուրդը պետք է որոշի»,- ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե չորրորդ հանրապետության վերջնակետը դրվելու է նոր սահմանադրության ընդունմամբ, Գալյանն ասաց. «Դա նշանակում է, որ գուցեև մեր պետության համար որդեգրվեն և ավելի թավ կերպով գրվեն այն սկզբունքները, որոնց հիման վրա գործելու է չորրորդ հանրապետությունը։ Բայց իրավահարջորդության տեսանկյունից մենք պետք է այնպես անենք, որ որեւէ խնդրի առաջ չկանգնենք»։
Նրա խոսքով՝ չորրորդ հանրապետության հռչակումը Անկախության հռչակագիրը պահել-չպահելու հետ կապ չունի.
«Անկախ նրանից՝ Անկախության հռչակագիրը կպահվի, թե չի պահվի, դա պատմական իրողություն է։ Երրորդ հանրապետությունը կարողացել է լինել միայն Անկախության հռչակագրի շնորհիվ։ Դա պատմական փաստաթուղթ է։ Մենք չենք կարող այդ հռչակագիրը պատմությունից ջնջել։ Անկախության հռչակագրի հղումը Սահմանադրության մեջ պահել–չպահելու հարցը դեռ չենք քննարկել»,- ասել է Գալյանը։