
Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում․ ՊՆ

Ռուսաստանը չի ծրագրել որևէ օբյեկտ խոցել Լեհաստանի տարածքում։ Աայս մասին հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ ենթադրաբար Լեհաստանի սահմանը հատած անօդաչու թռչող սարքերի օգտագործման հեռահարությունը չի գերազանցում 700 կմ-ը:
«Հարվածների ժամանակ օգտագործվող և Լեհաստանի հետ սահմանն, իբր, հատած ռուսական ԱԹՍ-ների թռիչքի առավելագույն հեռահարությունը չի գերազանցում 700 կիլոմետրը», - հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունն իր Telegram ալիքում։
ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ պատրաստ է խորհրդակցություն անցկացնել Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ։
Ըստ լեհական կողմի՝ գիշերը ռուսական 19 ԱԹՍ խախտել է երկրի օդային տարածքը։ Անօդաչուներից մի քանիսը ոչնչացվել են Լեհաստանի կողմից։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սա անվանել է հնարավոր «լայնամասշտաբ սադրանք»՝ նշելով, որ առաջին անգամ է, երբ ռուսական ԱԹՍ-ներ են խոցվում ՆԱՏՕ-ի անդամ երկրի տարածքում։