ՀԱԷԿ–ի արտադրած էլեկտրաէներգիան կարող է թանկանալ

Հայկական ԱԷԿ-ի էլեկտրաէներգիան ամենաէժանն է հանրապետությունում, և ներկայում, ի շահ հասարակ քաղաքացիների, դրա վաճառքը բիզնեսին սահմանափակված է։


 Հայաստանում քննարկվում է նոր օրինագիծ, որը հաշվի է առնում երկարաժամկետ հեռանկարում ատոմակայանի էլեկտրաէներգիայի թանկացումը։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան։ 


Թե՛ ատոմակայանը, թե՛ Սևան-Հրազդան հիդրոկասկադը զգալի ներդրումներ են կատարում, որոնք չեն կարող չանդրադառնալ դրանց էլեկտրաէներգիայի ինքնարժեքի վրա։ Մասնավորապես, ատոմակայանն այժմ արտադրում է հանրապետության ամենաէժան էլեկտրաէներգիան, սակայն ապագայում նոր էներգաբլոկի կառուցման հսկայական ծախսերն անխուսափելիորեն կբարձրացնեն արտադրանքի գինը։


ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մաքսային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ասել է, որ հաշվի առնելով վերը նշվածը՝ ատոմակայանից և Սևան-Հրազդան կասկադից էժան էլեկտրաէներգիա պահեստավորելու հարցը հնարավոր է` կորցնի արդիականությունը։