Սպառողների համար գազի սակագինը կմնա անփոփոխ

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա նիստում վերանայվել են բնական գազի մատակարարման և բաշխման սակագները։ Նոր սակագներն ուժի մեջ են մտնելու 2025թ–ի օգոստոսի 1-ից։


Սակագների հաշվարկի վերանայված տարբերակին «Գազպրոմ Արմենիան» համաձայն է։ ՀԾԿՀ–ի ներկայացրած նախագծին բացասական կարծիք, նիստի ընթացքում էլ հակափաստարկներ չի ներկայացրել, չնայած այն հանգամանքին, որ վերանայման արդյունքում ընկերությունը եկամտի որոշակի կորուստ է ունենալու։


Հանձնաժողովի որոշմամբ`«Գազպրոմ Արմենիայի» կողմից գազամատակարարման համակարգի ծառայության մատուցման սակագինը բնական գազի յուրաքանչյուր 1000 խմ–ի համար սահմանվել է 23 533 դրամ` գործող 24 042 դրամի փոխարեն, գազի բաշխման սակագինը` 14 989 դրամ` գործող 19 664–ի փոխարեն։


Սպառողների համար այս փոփոխությունները որևէ նշանակություն չեն ունենա։ Գազի սակագինը կմնա անփոփոխ։


Վերահաշվարկված նոր սակագինը կգործի մինչև 2026թ–ի օգոստոսի 1-ը։ Նոր վերահաշվարկն էլ կիրականացվի հաջորդ տարի, հուլիսի սկզբին։ Մինչ այդ գազի գինը հայաստանյան շուկայում կմնա անփոփոխ։

Հիշեցնենք` ՀՀ–ում գազի սակագինը սպառողների համար վերջին անգամ թանկացել է 2022–ի ապրիլի 1–ին` շարքային սպառողների համար ավելանալով 4․7 դրամով՝ 139 դրամի փոխարեն դառնալով 143.7 դրամ։

Սոցիալապես անապահով սպառողները, սակայն, առ այսօր էլ շարունակում են վճարել 1խմ–ի դիմաց 100 դրամ սակագնով` շնորհիվ կառավարության կողմից տրվող սուբսիդավորման։

Քաղաքականություն