ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.


«ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։


Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։


ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:


Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»։