
ԱԱԾ տնօրենը` անհետ կորածների ճակատագրի մասին

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը։
«Աբազյանը ներկայացրել է նիստին նախորդող ժամանակահատվածում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ վերահաստատելով հանձնաժողովի հանձնառությունը՝ շարունակելու անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանման ուղղությամբ համալիր և համակարգված աշխատանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննչական կոմիտեի ներկայացուցիչները հանձնաժողովին են ներկայացրել անհայտ կորչելու հանգամանքների վերաբերյալ կոմիտեում կատարվող քննության արդյունքները:
Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աբազյանը հույս է հայտնել, որ համատեղ և համակարգված աշխատանքը կբերի շոշափելի արդյունքի՝ ուղղված անհետ կորած անձանց ճակատագրերի պարզմանը:
Նշենք, որ նիստին մասնակցել են գերիների, պատանդների և անհետ կորածների հարազատները, ինչպես նաև իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը։