
Եթե ոստիկանը հոգեկան չէ, ինչո՞ւ պետք է քաղաքացուն վերագրի արարքը. Արփինե Սարգսյան

2024 թվականին, 2023–ի համեմատ, կրկնակիից ավել վարչական ակտ է կազմվել Հայաստանում ամրագոտի չկապելու համար։ ԱԺ-ում այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Նա ասել է, որ 2023 թվականին այս իրավախախտման համար կազմվել է 84 հազար 328, 2024–ին՝ 188 հազար 453 վարչական ակտ։
«Ունենում ենք ակտեր, որոնք դատարանների կողմից բեկանվում են, չնայած անձը ամրագոտին կապած չի եղել։ Մեզ երբեմն ասում են՝ գիտեք` եթե պրակտիկա կա, որ բեկանվելու է, ինչո՞ւ եք ուղարկում դատարան, բայց սկզբունքն այն է, որ դա պետք է արձանագրվի։ Դատարանների ծանրաբեռնվածության պատճառով չենք կարող խախտումներն անտեսել»,–ասել է Արփինե Սարգսյանը։
Ըստ նրա` խնդիր է նաև մոտեցումը, թե արձանագրությունը, միայն ոստիկանի խոսքը բավարար չէ։
«Մենք ընդառաջ ենք գնացել դրան, այժմ պարեկային ծառայության փարոսիկները փոխարինվելու են մոբայլ համակարգով` վեց տեսախցիկով, որոնք 360 աստիճան կնկարեն բոլոր խախտումները՝ լինի հեռախոս, ծխախոտ, թե ամրագոտի։ Բայց մոտեցումը սխալ է. ստացվում է, որ մենք ոստիկանի խոսքին չենք հավատում։ Իսկ եթե ոստիկանը հոգեկան չէ, ինչո՞ւ պետք է քաղաքացուն վերագրի արարք, որը վերջինս չի արել»,–տարակուսած նշել է ՀՀ ՆԳ նախարարը։