Մերձավանի և Մխչյանի դպրոցների տնօրեններն ազատված են․ Անդրեասյան

Ես այցելել եմ և Մերձավանի դպրոց, և Մխչյանի դպրոց, առանց տեսախցիկների հանդիպել եմ աշխատակազմերի հետ։ Այս մասին  քաղաքացիների հարցերին պատասխանելու ձևաչափում շփման ժամանակ ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։


«Մխչյանի պարագայում փորձել եմ նաև բազմաշերտ հասկանալ իրավիճակը և մենք այստեղ բոլոր անհրաժեշտ քայլերը կձեռնարկենք և նշել եմ որ մեր դիրքորոշումն է որ դպրոցի կողմից թերացումները հետևանքներ են ունենալու, արդեն իսկ տնօրենը աշխատանքից ազատված է։ Մնացած բոլոր հարցերով էլ համապատասխան ուսումնասիրությունների արդյունքներում, կարծում եմ, որոշումներ կլինեն։


Ինչ վերաբերում է Մերձավանին, այստեղ շատ մեծ աշխատանք ունենք անելու, որպեսզի սեպտեմբերից դպրոցում աշխատանքային մթնոլորտը լինի կրթական գործունեության նպաստող։ Այստեղ էլ ունենք ժամանակավոր պաշտոնակատարի փոփոխություն և անհրաժեշտ բոլոր քայլերը իրականացվելու են։ Մի բան ակնհայտ է, այն ինչ որ տեղի է ունեցել չպիտի կրկնվի»,- նշել է նա։


Իր հերթին ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանն ասալ է. «Մխչյանի հետ կապված պետք է ասեմ, որ մենք և ԿԳՄՍ նախարարությունը, աշխատում ենք ՆԳՆ–ի հետ, քննարկումներ ունենք և փորձում ենք գտնել լավ լուծումներ, թե ինչպես զերծ պահել դպրոցական, կրթական միջավայրը այս խնդիրներից։ ՆԳՆ-ի համար դա ոչ միայն հանրակրթության ոլորտի խնդիր է, այլ նաև ընդհանուր բոլոր հանրության տարբեր շերտերի հետ կապված խնդիր է։


Ես նաև հանդիպում եմ ունեցել այս թեմայով մարդու իրավունքների պաշտպանի հետ երեխաների իրավունքների պաշտպանության կոնտեքստում, մենք ունենք մի քանի գործիքներ մտածած ներքին գործերի նախարարությունում մտածում ենք ծնողների համաձայնությամբ երեխաների թեստավորման ժամանակ առ ժամանակ հնարավորություն տալ, որպեսզի կարողանանք հասկանալ՝ արդյոք երեխաները ներքաշված են այսպիսի խնդիրների մեջ թե ոչ։ Բայց այնուամենայնիվ ես վստահ եմ, որ սա շատ-շատ մեծ մարտահրավեր է, որը միայն հանրակրթության ոլորտի բարեփոխումներով չէ, որ պետք է փոխենք։ Մենք նաև ունենք Ազգային Անվտանգության խորհրդում թմրանյութերի դեմ պայքարի ռազմավարության գործընթաց, մշակման գործընթաց և տարբեր ոլորտներում առանձին-առանձին անդրադարձ ենք ունենալու սրան, և հույս ունեմ այդ ռազմավարության շրջանակում այնպես կհասցեագրվի խնդիրը, որ մեծապես կնպաստի նաև հանրակրթության ոլորտի խնդիրների լուծմանը»։


Հիշեցնենք, որ Մերձավանի դպրոցում միջադեպ էր եղել, երբ աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները տեսախցիկների առաջ անհրգալից վերաբերմունք էին դրսեւորել պատմություն ուսուցչի հանդեպ։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Մխչյանի դպրոցում բարձր դասարանի աշակերտները չորրորդ դասարանի երկու աշակերտի ստիպելով թմրանյութ էին տվել։