
ՄԻՊ-ը՝ Մերձավանի դպրոցի ուսուցչուհուն հոգեկան առողջության մասով թիրախավորելու մասին

Խիստ անթույլատրելի է անձանց թիրախավորելը` պայմանավորված հաշմանդամության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունենալու հանգամանքով: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Մերձավանի դպրոցի պատմության ուսուցչուհու շուրջ ստեղծված իրավիճակին։
Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է լրջագույն քայլեր ձեռնարկել` բացառելու հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցող անձանց նկատմամբ խտրականության ցանկացած դրսևորում:
«Վերոնշյալ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել հոգեկան առողջության վերաբերյալ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի, նախապաշարումների վերացման, խտրականություն պարունակող խոսույթի բացառման ուղղությամբ։
Այս համատեքստում Պաշտպանը խիստ դատապարտելի է համարում նման խոսույթի օգտագործմամբ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհուն թիրախավորելը, այդ նպատակով նյութերի պատրաստումն ու տարածումը։ Վարքագծի նման դրսևորումները հանգեցնում են հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ առանց այն էլ առկա խորքային կարծրատիպերի արմատավորմանը, ինչն անթույլատրելի է։
Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ անընդունելի և խիստ դատապարտելի է համարում նշված միջադեպի մասնակից երեխաներին թիրախավորող և նրանց անձնական տվյալների պաշտպանության մասին ներպետական և միջազգային չափորոշիչների էական խախտումներով ուղեկցվող նյութերի պատրաստումն ու տարածումը:
Պաշտպանը հորդորում է չտարածել վերոնշյալ նյութերը, իսկ իրավասու մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված իրավունքների ապահովման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:
Մայիսի 13-ին սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, որոշ ծնողներ և աշակերտներ պատմության ուսուցչուհուն մեղադրում էին, որ նա դաս չի անում, փոխարենը վիրավորում է բոլորին և գտնվում է ոչ ադեկվատ վիճակում։ Պատմության ուսուցչուհին իր հերթին պնդում էր, որ բոլորը ստում են և ունեն մեկ նպատակ` իրեն հեռացնել դպրոցից։ Մեկ օր անց ԿԳՄՍՆ-ն արձագանքեց և հայտարարեց, որ ուսուցչուհու նկատմամբ անթույլատրելի վերաբերմունք է դրսևորվել, որոշվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին աշխատանքից ազատել և տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակել։
Օրեր անց ԶԼՄ-ներում նոր տեղեկություններ սկսեցին տարածվել պատմության ուսուցչուհու մասին, որ նա «2017-ից հաշվառված է Արմավիրի մարզի Զարիշատ Մարտինի Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի հոգեբուժական կաբինետում՝ խրոնիկական զառանցական խանգարում ախտորոշմամբ»։