
Կարևոր հայտարարություն` Macan-ի համերգի կազմակերպիչներից

Մայսի 16-ի համերգի հետ կապված Stagemuse ընկերությունը պարզաբանում է ներկայացրել:
«Ձեզ ենք ներկայացնում կազմակերպիչ ընկերության պարզաբանումը՝ կապված մայիսի 16-ի «Macan, A.V.G., Jakone» միջոցառման ընթացքում առաջացած անհարմարությունների հետ.
Մենք բարձր ենք գնահատում ձեր վստահությունը մեր նկատմամբ, և այդ իսկ պատճառով մեր պարտքն ենք համարում պարզաբանել երեկվա «Macan, A.V.G., Jakone» համերգի՝ ս.թ. մայիսի 16-ին մուտքի ընթացքում առաջացած անհարմարությունները։
Հայտարարում ենք, որ տոմսերի կրկնավաճառք չի իրականացվել տոմսերի վաճառք իրականացնող պաշտոնական հարթակների՝ Eventhub.am-ի և Ticketon.am-ի կողմից։
Տեղեկացնում ենք, որ շրջանառվել է մոտ 5000 և ավելի կեղծ տոմս, որոնք չեն ձեռք բերվել պաշտոնական հարթակներից, և ժամը 17:30-ից սկսած փորձեր են արվել մուտք գործել միջոցառման տարածք այդ տոմսերով։ Անվտանգության աշխատակիցների կողմից իրականացվել են համապատասխան ստուգումներ, ինչի արդյունքում մուտքը արգելվել է այն անձանց, ովքեր ներկայացրել են պաշտոնական հարթակներից ձեռք չբերված կամ կրկնվող QR կոդերով տոմսեր։
Ընդգծում ենք, որ դռները բացվել են ժամը 17:30-ին, սակայն նմանատիպ տոմսերով ներկայացած անձանց հոսքի և դրանց ստուգման գործընթացի հետևանքով մուտքը միջոցառման տարածք զգալիորեն դանդաղել է։
Մեր թիմի կողմից արվել է ամեն հնարավոր բան՝ համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար, սակայն քանի որ որոշ զանգվածների համար արդեն սովորություն է դարձել միջոցառումներ այցելել առանց տոմսերի կամ կեղծ QR կոդերով, դիմում ենք իրավապահ մարմիններին՝ ուշադրություն դարձնելու այս իրավիճակին։
Մեր թիմի կողմից որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը՝ մինչև կեղծ տոմսերի խնդրի լուծումը»,- նշել է ընկերությունը։
Հիշեցնենք` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած համերգն ընթացել է բազմաթիվ միջադեպերով։ Դեռ չսկսված արդեն մարդկաց իրավունքների ոտնահարում է եղել: Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից, որ կազմակերպչական առումով խայտառակ իրավիճակ է տիրել։