
Բնակարանների գերարժևորված գները սկսում են կարգավորվել

Նախորդ երկու տարիներին անշարժ գույքի շուկայում գերարժևորված գներն այսօր սկսում են կարգավորվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովը։
«Կար նորմայից բարձր պահանջարկ, կային գերարժևորված գներ, ԿԲ–ն էլ էր արձանագրել գների գերարժևորում։ Հիմա պահանջարկը նվազել է, գները գնում են կարգավորման»,– ասել է մասնագետը` հիշեցնելով, որ շուկայում գերարժևորման հիմնական գործոնը 2022թ-ին ՌԴ-ից Հայաստան մարդկանց և ֆինանսների ներհոսքն էր, որն ավելի ուշ աստիճանաբար նվազեց` հանգեցնելով նաև պահանջարկի անկման ու գների վերանայման։
«Միանշանակ թե՛ վարձակալության, թե՛ երկրորդային շուկայում գների փոփոխություն կա։ Այն ժամանակ, երբ շուկայում պահանջարկ կար, մեծ քանակությամբ գույք էր պետք, գները բարձրանում էին։ Հիմա, երբ պահանջարկը նվազել է, ռուսաստանցիների մեծ մասը Հայաստանից հեռացել են, նոր շենքեր են կառուցվել, որի արդյունքում ևս պահանջարկի մի մասը լրացվել է, գները, բնական է, որ սկսել են կարգավորվել։ Այլ հարց է, որ շատ սեփականատերեր ուշ են արձագանքում այդ կարգավորմանը, դիմադրում են, չեն ցանկանում իջեցնել գները։ Բայց շուկան ունի իր կարգավորումները, շուկան է գին թելադրողը»,- նշել է Հարությունովը։
Նշված է նաև, որ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական վիճակագրության համաձայն , 2025թ–ի առաջին եռամսյակում Երևանում վարձակալության գործարքների թիվը 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27 տոկոսով, բնակարանների վարձակալության թիվը` 77.5 տոկոսով, բնակելի տներինը` 79.1–ով։
Վարձակալության գների մասին պաշտոնական վերլուծությունը լռում է։
Շուկայում ներկա պահին առկա առաջարկների ուսումնասիրությունը վկայում է, որ բնակարանների վարձակալության գները 30-40 տոկոսով նվազել են։ Այսպես. Եթե 2022-23թթ–ին Երևանի ծայրամասերում 2-3 սենյականոց բնակարանների վարձակալության գները գերազանցում էին 200 000–ը, ապա այսօր այդ գնով հնարավոր է բնակարան գտնել նույն համայնքների նորակառույց շենքերում և նույնիսկ Կենտրոնում։ Իսկ, օրինակ, Նոր Նորքում երկրորդային շուկայում, վերանորոգված ու համեստ կահավորանքով 2 սենյականոց բնակարանի վարձակալության արժեքը նվազել է մինչև 130-150 հազար դրամ։
Ինչ վերաբերում է անշարժ գույքի վաճառքին, պաշտոնական վիճակագրության համաձայն, Երևանում 2025-ի առաջին եռամսյակում վաճառվել է 3785 բնակարան` 2024-ի առաջին եռամսյակի համեմատ 7.2 տոկոսով ավելի և 2024-ի չորրորդ եռամսյակի համեմատ 22.9 տոկոսով պակաս։