
Ձերբակալված անձինք, հրմշտոց և տուժածներ. Macan-ի համերգը` Երևանում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Macan, A.V.G և Jakone-ի համերգն ընթացել է բազմաթիվ միջադեպերով։ Դեռ չսկսված արդեն մարդկաց իրավունքների ոտնահարում է եղել: Auroranews-ը բազմաթիվ զանգեր է ստացել քաղաքացիներից, որ կազմակերպչական առումով խայտառակ իրավիճակ է տիրել։
Օրինակ՝ մեկ անձի QR կոդով մի քանիսն են մուտք գործել, անգամ անվճար QR կոդեր են եղել, QR կոդերի կրկնօրինակներ են եղել, համերգի տոմսերը կրկնակի ու եռակի են վաճառվել, մոնտաժային ծրագրով կեղծ տոմսեր են պատրաստել․ այս ամենն էլ դարձել է պատճառ, որ ներսում տեղի խնդիր է առաջացել:
Մարդիկ ժամը 17:30-ից արդեն այնտեղ են եղել, իսկ համերգը պետք է մեկնարկեր ժամը 20:30-ին: Դռների մոտ սկսվել է հրմշտոց, մարդկանց ինքնազգացողությունն է վատացել, անգամ ուշագնացության դեպքեր են գրանցվել:
Քաղաքացիներն ընդգծում են՝ այս ամենից հետո վստահաբար կարելի է ասել, որ համերգի կազմակերպիչ Stage muse ընկերությունը, մեղմ ասած, թերացել է կազմակերպչական աշխատանքներն իրականացնելիս:
Դահլիճը լցվելուն պես, դռները փակել են։ Արտերկրի քաղաքացիները, որոնք ևս տեղեկանալով համերգի մասին ժամանել էին Երևան չեն կարողացել ներս մտնել: Որոշ մարդիկ, այդ թվում՝ բավական թանկարժեք տոմսեր գնածները, պարզապես հիասթափված իրավիճակից, հեռացել են անգամ ներս չմտնելով: Ծնողներից մի քանիսն ասացին, որ անչափահաս երեխաները լաց էին լինում, օդ չկար շնչելու, դռները փակել էին, հրմշտոց էր, համերգը ներսում սկսվել էր, ու մարդկանց թույլ չէին տալիս ներս մտնել։
Որոշ ժամանակ անց այս խայտառակ իրավիճակի մասին տեղեկանում են անմիջապես Հայաստան ժամանած երգիչները, և բեմահարթակից կոչ են անում անվտանգության աշխատակիցներին բացել դռները, որպեսզի մարդիկ կարողանան ներս մտնել ու դիտել համերգը, սակայն արդեն անգամ ներսում տեղ չկար կանգնելու, կեղծ տոմսերի ու կազմակերպիչների ոչ ճիշտ համակարգման պատճառով։
Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմել էր իրավապահ համակարգի ներկայացուցիչներին, տեղեկացնելով, որ Մարզահամերգային համալիրում, որտեղ տեղի էր ունենում Macan-ի, A.V.G-ի և Jakone-ի համերգը դռները փակել են և մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել՝ հավելելով, որ համերգի կազմակերպիչը Stage muse ընկերությունն է, որն էլ պատասխանատուն էր համերգի ամբողջ ընթացքի համար։
Auroranews-ը կապ հաստատեց փաստաբան Գոհար Մելոյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց՝ բազմաթիվ դեռահաս ու անչափահաս երեխաներ լաց էին լինում, վեճեր էին տեղի ունենում, բարձիթողի վիճակ էր տիրում:
«Մարդիկ տոմսեր էին գնել, բայց հնարավորություն չունեին մտնել ներս՝ համերգը դիտելու։ Այս բնագավառի հետ կապված որքան իրավունք կար ոտնահարվեց ու խայտառակ իրավիճակ էր»- ասաց Մելոյանը։
Փաստաբանը նշեց, որ ինքն է մտել ներս (մարզահամերգային համալիր) դիմել ոստիկաններին, որպեսզի նոր ուժեր կանչեն ու ստեղծված իրավիճակը հանդարտացնեն։ Ըստ Մելոյանի՝ իրավապահների հետ խոսելուց հետո նկատել է, որ նոր լրացուցիչ ուժեր են տարվել այն դեպքում, երբ մինչ այդ հաշված մի քանի ոստիկան է եղել։
Մելոյանը նշեց, որ այս հարցով զբաղվելու է իրավական դաշտում, դատարան են դիմելու, հայց են ներկայացնելու Stage muse ընկերության դեմ, քանի որ հարյուրավոր նամակներ է ստացել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Auroranews-ը կապ հաստատեց նաև ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգյանի հետ։ Նա էլ փոխանցեց, որ Macan-ի, AVG-ի, Jakone-ի համերգին եղել են ոստիկանության աշխատակիցներից մոտ 100 անձ, նրանք ապահովել են հասարակական կարգը:
Սարգսյանը նաև նշեց, որ կա 4 բերման ենթարկված անձ՝ առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Auroranews-ը կապ հաստատեց նաև «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանի հետ, որն ասաց ընդհանուր 7 կանչ է եղել, որից մեկը հոսպիտալացում սրունքթաթային հոդի սալջարդով։ Եղել են նաև ինքնազգացողության վատացման դեպքեր։ Քաղաքացիներ են եղել, որ դիմել են գլխացավի խնդրով։