Գյումրու քաղաքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը

Վարդան Ղուկասյանը կրկին ընտրվել է Գյումրու քաղաքապետ: Նա նախկինում այդ պաշտոնում եղել է 13 տարի: 


Ընտրություններում ընդդիմադիր մրցակիցներից առաջ անցած Ղուկասյանը քվեարկության ընթացքում ստացել է նրանց աջակցությունը: Իշխող ՔՊ-ի ներկայացուցիչներն այսօրվա նիստին չեն մասնակցել, Ղուկասյանի օգտին քվեարկել է ավագանու 18 անդամ:


Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.


Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ


Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ


Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ


Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ


Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ


Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:


Գյումրի քաղաքի նորընտիր ղեկավար Վարդան Ղուկասյանի երդման արարողությունը տեղի կունենա 2025թ.-ի ապրիլի 19-ին՝ ավագանու երդմնակալության նիստին։


Այդ մասին Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստին հայտարարեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը․ «Այդ ժամանակ եպիսկոպոս Աջապահյանը թող գա, կհարվիրենք»։