Մեղադրյալներից 5-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով:
Հակակոռուպցիոն կոմիետի հաղորդագրության համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
«Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել են Հակակոռուպցիոն դատարան՝ վերջիններիս նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններով: Ներկայացված միջնորդություններից 5-ը դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել են, և մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը: Վերջիններս օրենսդրությամբ սահմանված կարգով ազատ են արձակվել, և նրանց վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել են Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն:
Ընդ որում, դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաև արգելքներ՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաև որոշակի անձանց հետ (ըստ նախաքննական մարմնի ներկայացման) չհաղորդակցվելու վերաբերյալ:
Այլ կերպ՝ վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելով հանրային շահով, նպատակ ունենալով ապահովել քրեական վարույթով օբյեկտիվությունն ու անաչառությունը, ընտրել և միջնորդել է մեղադրյալների նկատմամբ ընտրել այնպիսի խափանման միջոցներ, որոնք, ի թիվս այլնի, առավելագույնս կապահովեն նաև վարույթի մասնակիցների ընտրական իրավունքի ազատ իրացումը: Վերոգրյալի հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթի մասնակիցներին հորդորում է խստորեն պահպանել ընտրված խափանման միջոցների սահմանափակումները և պայմանները՝ դրսևորելով իրավահպատակ վարքագիծ»,- նշված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ մարտի 27-ի առավոտից իրավապահ մարմինները քննչական գործողություններ են իրականացրել Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից երկուսի՝ «Մայր Հայաստան» և «Մեր քաղաքը» դաշինքների գրասենյակներում։
Նմանատիպ հոդվածներ
Սոցապ նախարարությունը զգուշացնում է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով քաղաքացիներին չտրամադրել անձնակ...
Starlink–ն այլևս հասանելի է Հայաստանում. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում հայտնել է, որ Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում:Նա գրառ...
Ծեծկռտուք՝ Հ1-ի եթերից հետո. գործը դատարանում է
Քաղաքագետներ Սուրեն Սահակյանի և Արեգ Քոչինյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել...
Դատախազությունը` Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ ձայնագրության մասին
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլում տեղ գտած հրապարակումները Գյումրու նախկին քաղաքապետ, Գյումրու ավագանու...