Կխստացվի ավտոպահեստամասերի գողության համար պատիժը

Հայաստանում ավտոպահեստամասերի, այդ թվում՝ մեքենաների գողության համար պատիժները կխստացվեն։ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվեց կառավարության այսօրվա նիստում։


Փաստաթղթի համաձայն՝ գողության այս տեսակը ոչ ծանր հանցագործություններից կանցնի միջին ծանրության հանցագործությունների շարքին և կպատժվի 20-50 հազար դրամի չափի տուգանքով, կամ 150-270 ժամյա հասարակական աշխատանքներով, կամ 1-3 տարվա ազատազրկմամբ, կամ 2-5 տարվա ազատազրկմամբ։


Գործող քրեական օրենսգրքի համաձայն՝ տուգանքը ներկայում հասնում է 20 հազար դրամի։ Նախատեսվում է նաև պատիժ հասարակական աշխատանքների ձևով՝ մինչև 150 ժամ կամ ազատազրկում՝ մինչև 2 տարի ժամկետով։


ՆԳՆ-ի պարզաբանման մեջ նշվում է, որ այս փոփոխությունների ընդունումից հետո կալանքը որպես խափանման միջոց նշանակելու հնարավորությունները գործնականում կընդլայնվեն։


Նշենք, որ վերջին մի քանի տարիներին Հայաստանում հաճախակիացել են ոչ միայն պահեստամասերի, այլև պետհամարանիշների (հատկապես արտասահմանյան), ինչպես նաև թանկարժեք մետաղներ պարունակող օգտագործված կատալիզատորների գողությունները։ Դրա պատճառով 2022 թվականի դեկտեմբերին կառավարությունն արգելեց դրանց արտահանումն արտերկիր։