
Ամուսինը հայտնել է՝ ԲԿ-ում բուժքույրն իր ներկայությամբ ներարկում է արել իր կնոջը, 1 րոպե անց նա մահացել է

Մարտի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «սուր աղիքային անանցանելիություն» ախտորոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող բժշկական կենտրոններից մեկում բուժօգնության դիմած և վիրահատական միջամտության ենթարկված կին է մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ, 68-ամյա Ռոզա Մ․-ն է։
Դեպքի փաստով Ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով, Ռոզա Մ․-ի ամուսինը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ, 67-ամյա Արտավազդ Մ․-ն, Շենգավիթի քննչական բաժնի քննիչներին հայտնել է, որ մարտի 23-ին ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնի հերթապահ բուժքույր Հասմիկը իր ներկայությամբ ինչ-որ ներարկում է կատարել կնոջը՝ Ռոզա Մ․-ին, որից մոտ 1 րոպե անց վերջինս մահացել է:
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Auroranews-ը կապ հաստատեց ՔԿ, որտեղից մեզ ասացին, որ hիվանդանոցում անձի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: