Սեռական ոտնձգություն է կատարել 14 տարեկանի նկատմամբ ու ազատ արձակվել` տուժողի հետ հաշտվելու հիմքով

Վերջին տարիներին դատաքննչական պրակտիկայում առաջացել են որոշակի խնդիրներ երեխաների իրավունքների պաշտպանության կապակցությամբ. խոսքը վերաբերում է նրանց նկատմամբ կատարվող որոշակի հանցագործությունների պարագայում, գործուն զղջալու կամ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերին։ Այս մասին «Ընդդեմ երեխաների սեռական բռնության եվ շահագործման» թեմայով ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը


«Այս առումով մեր ուշադրության կենտրոնում հայտնվել են 14-ից 16 տարեկան երեխաները և ունեցել ենք դեպքեր, երբ 14-16 տարեկան երեխայի նկատմամբ կատարված սեռական ոտնձգության, կամ այդ բնույթի հանցագործության պարագայում հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից։


Ինչու՞ է այս խնդիրը մեզ մտահոգում, հայտնի է, որ անգամ 14-16 տարեկան երեխաները իրենց սոցիալական զարգացվածության մակարդակով, ֆիզիոլոգիական հատկանիշներով, մտավոր ունակությունների բերումով և այլն, սահմանափակ գործունակ են, և հաշտության պարագայում, երբ մենք հիմքում դնում ենք քրեական պատասխանատվությունից ազատելը, պետք է առկա լինի լիարժեք գիտակցված, ինքնուրույն կամահայտնություն, որը 14-16 տարեկան երեխաների պարագայում պարզապես չի կարող լինել»,- ասաց Մարանդյանը:


Նրա խոսքով, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, այն հանգամանքը, որ այս ոլորտի հանցագործությունների պարագայում պետության արձագանքը միշտ իրականացվում է հանրային հետապնդման կարգով, ոչ թե մասնավոր հետապնդման, հետևաբար ընդհանուր մոտեցումը այն պետք է լինի, որ երեխայի կամահայտնությունից կախվածության մեջ չպետք է դրվի հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվությունից ազատելը։


«Ընդ որում, մեր ուշադրությունը գրավել են քրեական օրենսգրքի 81-րդ և 82-րդ հոդվածները, մասնավորապես գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելը և տուժողի հետ հանցանք կատարած անձի հաշտության հիմքով ազատելը։


Ընդ որում, 82-րդ հոդվածում կա բացառություն, այսինքն, երբ կատարված հանցանքում առկա են ընտանեկան բռնության հատկանիշներ, այդ պարագայում արգելվում է հաշտություն կնքել: Եվ իհարկե կա նաև ֆիքսված տարիքային շեմ, մինչև 14 տարեկանների պարագայում: Մեր քննարկումները մասնագետների հետ ցույց են տվել, որ անգամ այն իրավիճակներում, երբ դեպքը ունի ընտանեկան բռնության հատկանիշներ, բայց նաև այլ կոմպոնենտներ կան, դատաքննչական պրակտիկան գնացել է այն ուղղությամբ, որ փոխանակ շեշտադրում կատարվի ընտանեկան բռնության վրա, շեշտադրում է կատարվել այլ հանգամանքի վրա և փաստացի հաշտության հիմքով հանցանք կատարած անձը ազատվել է քրեական պատասխանատվությունից, ինչը հիմնավորված չէ»,- ընդգծեց նա: