Ռուսաստանի պատերազմը երկար է ձգվում․ Թրամփը՝ Շոլցի հետ հեռախոսազրույցում
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել այն կարծիքի շուրջ, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ չափազանց երկար է ձգվում։
Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայթը, «խոսակցության կենտրոնում Եվրոպայում անվտանգության մարտահրավերներն էին», գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
«Նրանք համամիտ են եղել, որ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմը չափազանց երկար է տևում, և որ կարևոր է հնարավորինս շուտ ազնիվ, արդար և կայուն խաղաղության հաստատման ուղին բռնել»,-հայտնել է Հեբեշտրայթը: Դաշնային կանցլերը հաստատել է, որ կշարունակի աջակցել Ուկրաինայի պաշտպանությանը ռուսական ռազմական ագրեսիայից այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի։