Հզոր փոթորիկ, որը հասավ Իռլանդիա

Գիշերը Բրիտանական կղզիներում մոլեգնած Դարա փոթորկի պատճառով Իռլանդիայի գրեթե 400 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։


Որոշ շրջաններում, օրինակ՝ Գոլուեյ կոմսությունում, քամու ուժգնությունը հասել է մինչև 141 կմ/ժ-ի։ Տապալվել են ծառեր, արգելափակվել են ճանապարհներ, լուրջ խնդիրներ են առաջացել տրանսպորտային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում։


Դուբլինի օդանավակայանում չեղարկվել են դեպի Մեծ Բրիտանիա թռիչքները, Դարա փոթորիկն Անգլիայում նույնպես վնասներ է հասցրել։ Ուելսում պահպանվում է եղանակային պայմանների հետ կապված վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակը, մարդկանց հորդորում են դուրս չգալ տներից, չօգտվել տրանսպորտից։


Վթարվել են էլեկտրահաղորդման գծեր, ինչի պատճառով առանց էլեկտրականության է մնացել 55 հազար տնային տնտեսություն Ուելսում, Անգլիայի հարավ-արևմտյան հատվածում և Արևմտյան Միդլենդում:


Չեղարկվել են մասսայական բոլոր միջոցառումները։