Հորդանանն Ադրբեջանի ճնշման տակ հետ է կանչել «Օսկար»-ի ներկայացված ֆիլմը
Հորդանանը հետ է կանչել Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը, որը ներկայացվել էր Օսկարի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։ Deadline-ը հայտնում է, որ Հորդանանի որոշումը կայացվել է Ադրբեջանի ճնշումների ներքո։
««Տունս քաղցր ա» ֆիլմը պատմում է 11-ամյա Վրեժի մասին, ով երազում է ատամնաբույժ դառնալ Լեռնային Ղարաբաղում գտնվող իր հայրենի գյուղում։ Երբ պատերազմը կրկին բռնկվում է, Վրեժն ընտանիքի հետ ստիպված է լինում հեռանալ, իսկ պատերազմի ավարտից հետո կրկին վերադառնում է ավերված հայրենիք:
Deadline-ի հոդվածում նշվում է, որ Հորդանանի կողմից ֆիլմի ընտրությունը առաջացրել է բողոքի ալիք Ադրբեջանում, որտեղ հայ բնակչության դեմ ռազմական գործողություններից տուժածների ցավալի պատմությունը դիտարկվել է որպես հակաադրբեջանական դիրքորոշում։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Ադրբեջանի կառավարությունը դիմել է Հորդանանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով վերանայել ֆիլմի ընտրությունը։
Հորդանանի ԱԳՆ-ն իր հերթին ճնշումներ է գործադրել Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովի վրա՝ ֆիլմը հետ կանչելու հարցով, ինչն էլ, ի վերջո, տեղի է ունեցել, ինչի հետևանքով Հորդանանը ներկայացված չի լինի «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում։
Ֆիլմի ռեժիսոր Սարին Հայրապետյանը և պրոդյուսեր Ազզա Հուրանին իրենց հիասթափությունն են հայտնել և նշել. «Մեր թիմի համար սա շատ տխուր նորություն է. երեխայի՝ իր տան և ընտանիքի հանդեպ սիրո մասին հուզական, անձնական պատմությունն արգելել և լռեցրել են: Որպես վավերագրական ֆիլմեր ստեղծողներ՝ այս գրաքննությունը մեզ ավելի քան երբևէ ստիպում է կիսվել «Տունս քաղցր ա» ֆիլմի գլխավոր հերոս Վրեժի պատմությամբ, որն արտացոլում է աշխարհի անթիվ ժամանակակից երեխաների փորձը, ովքեր արժանի են ազատ երազելու՝ առանց պատերազմների և բախումների սպառնալիքի»։
Այն բանից հետո, երբ Հորդանանը ֆիլմը հանել է «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգից, Կինոակադեմիան կինոգործիչներին ասել է, որ նրանք կարող են «Տունս քաղցր ա» ֆիլմը ներկայացնել «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում, եթե հետևեն ընտրության ստանդարտ ընթացակարգերին: Նկարահանող խումբը փորձել է նախընտրական փուլ կազմակերպել ԱՄՆ-ում։
Հայրապետյանը և Հուրանին նշել են, որ այժմ կազմակերպում են ֆիլմի առաջնային ցուցադրությունը ԱՄՆ-ում, որը տեղի կունենա Լոս Անջելեսի «Laemmle Theatres»-ում՝ սկսած նոյեմբերի 29-ից։
«Մենք ձգտում ենք կիսել մեր իրական պատմությունը՝ չնայած առկա խոչընդոտներին»,- նշել են նրանք։
«Տունս քաղցր ա» ֆիլմը հուլիսին Ամմանում կայացած Հորդանանի միջազգային կինոփառատոնում ստացել է երեք մրցանակ՝ լավագույն արաբական վավերագրական ֆիլմի ժյուրիի մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և Միջազգային կինոքննադատների մրցանակ (FIPRESCI):Ֆիլմի պրեմիերան կայացել է հունիսին Շեֆիլդի վավերագրական ֆիլմերի փառատոնում՝ Մեծ Բրիտանիայի հեղինակավոր վավերագրական կինոփառատոնում, որտեղ այն նոմինացվել է «Լավագույն միջազգային դեբյուտ» անվանակարգում։
«Տունս քաղցր ա» ֆիլմի սցենարի համաձայն՝ 11-ամյա Վրեժը մեծացել է Լեռնային Ղարաբաղի հայկական շրջանում՝ տեսնելով պատերազմների դժվարություններն ու ավերածությունները։ Նրա տատը կանխատեսում է, որ իր թոռը մի օր կդառնա պատերազմի մասնակից։ Ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես են երեխայի մանկության երազանքները հայտնվում վտանգի տակ, երբ նրա իրական կյանքը լցվում է ռազմականացված կրթությամբ ու բռնություններով։
Հորդանանի կինեմատոգրաֆիայի հանձնաժողովը որոշման հետ կապված դեռ մեկնաբանություն չի տվել։
Նմանատիպ հոդվածներ
Շուկայում թարմ մորթած արջեր են վաճառել․ մանրամասներ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թար...
Բժիշկները մոտ 2 ժամ չեն աշխատել, իրավիճակը կարող է ավելի սրվել․ ինչ է կատարվում Արտաշատի ԲԿ-ում
Արտաշատի հիվանդանոցում լարված իրավիճակ է, որը կարող է էլ ավելի սրվել, մոտ 500-600 մլն դրամի աշխատավարձ չի վճարվել, այսօր...
13 տարեկանը՝ երիտասարդ, 35-ից հետո՝ այլևս ոչ․ նոր նախագիծ
Կառավարությունը հավանություն տվեց «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի...
Հայտարարություն՝ հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման հետ կապված
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուն...