Իրանի զինված ուժերը հայտարարություն է արել

Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում չորս ահաբեկիչ է չեզոքացվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի «Ղուդս» շտաբի ներկայացուցիչ գեներալ Ահմադ Շաֆահին հայտնել է նաև մեկ իրանցի զինծառայողի մահվան մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանում ահաբեկչական ճանաչված «Ջեյշ ալ-Ադլ» («Արդարության բանակ») սուննի խմբավորումը ստանձնել էր հոկտեմբերի 26-ին Թաֆթան քաղաքում (Սիստան և Բելուջիստան նահանգ) տեղի ունեցած և 12 ոստիկանի կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը։


Շաֆահիի խոսքով՝ Ռասկ շրջանում «Անվտանգության համար զոհվածները» զորավարժությունների ժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի ընթացքում չորս զինյալ է ոչնչացվել։ Գործողության արդյունքում առգրավվել է նաև ավտոմեքենա և զգալի թվով զենք-զինամթերք։


Մեկ օր առաջ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելը կապ է պահպանում մերձավորարևելյան ահաբեկչական խմբավորումների հետ, այդ թվում` «Ջեյշ ալ-Ադլի», որը համակարգված հարձակումներ է գործում Իրանի ուժային կառույցների և պետական հաստատությունների վրա Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգում։ Այս շրջանում իրականացված գործողությունների արդյունքում արդեն ձերբակալվել է 20 և ոչնչացվել 12 զինյալ, միևնույն ժամանակ ձերբակալվածների մոտից առգրավվել է մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ ամերիկյան։


Սիստան և Բելուջիստան նահանգը, որը գտնվում է Իրանի հարավ-արևելքում և սահմանակցում է Աֆղանստանին ու Պակիստանին, թմրանյութերի շրջանառության և ահաբեկչության դեմ պայքարող սահմանապահների մահվան պատճառով հաճախ է հայտնվում լրատվամիջոցների գլխագրերում: