
«Հզոր հարձակում» Իսրայելի վրա․ ինչ է սպասվում

Իրանը «համալիր պատասխան» է պատրաստում Իսրայելի հոկտեմբերի 26-ի հարվածին, որի ընթացքում գործի կդնի ավելի հզոր մարտագլխիկներ եւ այլ զենքեր։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրանցի եւ արաբ պաշտոնյաներին:
Զրուցակիցների խոսքով՝ հարձակման ընթացքում Թեհրանը գործի կդնի ոչ միայն իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, այլև կանոնավոր բանակի զինվորներին, սակայն տարածաշրջանում զորքերի տեղակայման մասին խոսք չի գնում:
«Մեր զինվորականները կորցրել են մարդկանց, ուստի նրանց պետք է արձագանքել», — թերթին ասել է իրանցի պաշտոնյան (իշխանությունների տվյալներով՝ ՑԱԽԱԼ-ի հոկտեմբերյան հարվածի ժամանակ 4 իրանցի զինվորական է զոհվել):
Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Իրանը ծրագրում է հարված հասցնել Իսրայելին, այդ թվում՝ Իրաքի տարածքից, եւ իսրայելական ռազմական օբյեկտների վրա «շատ ավելի ագրեսիվ կհարձակվի, քան նախորդ անգամ»:
ՑԱԽԱԼ-ը ավիահարվածներ է հասցրել Իրանի երեք նահանգների՝ Թեհրանի, Խուզեստանի և Իլամի ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան զանգվածային հրթիռային հարձակման, որը Թեհրանը ձեռնարկել էր հոկտեմբերի 1-ին:
Ինչ վերաբերում է ենթադրյալ ժամկետներին, իրանցի պաշտոնյայի խոսքով՝ Իրանի պատասխանը կհետեւի նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ի ընտրությունների կայանալուց հետո, բայց մինչեւ հունվարին նոր նախագահի երդմնակալությունը: Զրուցակիցը նշել է, որ Թեհրանը չի ցանկանում իր գործողություններով ազդել Միացյալ Նահանգներում ընտրական գործընթացի վրա: Ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Իրանը կնախընտրեր, որ հաղթեր դեմոկրատ Քամալա Հարիսը, այլ ոչ թե հանրապետական Դոնալդ Թրամփը: