Նոր մանրամասներ՝ երիտասարդ ընտանիքի 3 անդամի մահվան պատճառ դարձած վթարից
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար էին բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել էին, իսկ նրանց 7-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել էր:
Վարույթի շրջանակներում կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «BMW X3 3.01» մակնիշի վարորդը, նշված ճանապարհահատվածով վարելով ավտոմեքենան, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչպես նաև՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող գործողություններ:
Մասնավորապես՝ չպահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները, հոծ գծի առկայության պայմաններում, չի իրականացրել իր կողմից վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն և հատելով հոծ գիծը՝ դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս։ Դրա հետևանքով բախվել է դիմացից ընթացող «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենային՝ դառնալով երեք մարդու մահվան պատճառ:
Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ նույն օրը՝ ժամը 02:05-ին, «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, օգնության խնդրանքով, զանգահարել է իր ծանոթին՝ Գյումրի քաղաքի 26–ամյա բնակչին, որից հետո վերջինս իր «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով գնացել է դեպքի վայր։ Անձամբ հավաստիանալով, որ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, իր ծանոթին քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկելու իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, 26–ամյա երիտասարդը իր վարած հիշյալ ավտոմեքենայով, վերջինիս դեպքի վայրից տեղափոխել է Գյումրի քաղաքի Անի թաղամասում գտնվող նրան պատկանող վարսավիրանոց։
Այնուհետև, ծանոթի խնդրանքով, երիտասարդը գնացել է նրա տուն, վերցրել վերջինիս անձնագիրը, որից հետո նույն ավտոմեքենայով նրան տարել և անցկացրել է Բավրայի սահմանային անցակետով։ Արդյունքում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը դիմել է փախուստի՝ թաքնվելով քրեական վարույթն իրականացնող մարմիններից:
2024 թվականի սեպտեմբերի 20-ին վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Վերջինիս 26–ամյա ծանոթին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդվածի 1-ին մասով։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։