ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔԿ-ն՝ Իսակովի պողոտայում դանակահարված տղամարդու դեպքի մասին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում օպերատիվորեն իրականացված անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողությունների, ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է 2024թ․ հոկտեմբերի 14-ին Երևան քաղաքում կատարված սպանության դեպքը։
Մասնավորապես, հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Արգավանդի խաչմերուկ չհասած, կա դանակահարված քաղաքացի և շտապօգնություն է անհրաժեշտ։ Նույն օրը՝ ժամը 11։57-ին, մեկ այլ հաղորդում է ստացվել շտապօգնության ենթակայանից, ըստ որի Արգավանդի խաչմերուկում դանակահարության հետևանքով տղամարդ է մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, դանակ, պայուսակ, ներարկիչներ, դեղնականաչավուն բուսական զանգվածով լցված տարա։ Վերցվել են դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի տեսագրությունները պարունակող էլեկտրոնային կրիչները, որոնցում առկա տեսագրությունները ենթարկվել են մանրամասն զննության:
Հարցաքննվել են դեպքին ականատես անձինք։ Իսակովի պողոտայում գտնվող բենզալցակայանում ևս կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննություն, բենզալցակայանից առգրավվել են նաև արնանման հետքերով հագուստ:
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատանյութագիտական, դատակենսաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Կատարված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11.00-ից 11.30-ն ընկած ժամանակահատվածում, Արմավիրի մարզի 41–ամյա բնակիչը, իր կողմից շահագործվող «Mercedes C 180» մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրում իրականացնելու ընթացքում, Արմավիրի մարզի «Զվարթնոց» բնակավայրից որպես ուղևոր վերցրել է նույն մարզի 36–ամյա բնակչին: Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևան քաղաքի Իսակովի պողոտա տանող ճանապարհին գտնվող կամուրջի մոտ վերջիններիս միջև փոխադրման ուղեվարձի՝ սահմանվածից թանկ պահանջելու հարցի շուրջ վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում սկսել են փոխադարձ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին։
Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է ավտոմեքենայից դուրս, որի ընթացքում 36–ամյա տղամարդը, իր հետ նախապես վերցրած դանակով հիշյալ ավտոմեքենայի վարորդին մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ, հարվածել է վերջինիս արմունկին և փորձել դիմել փախուստի։ Սակայն վարորդը, հետապնդելով 36–ամյա տղամարդուն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի աջ և ձախ առաջնային մակերեսներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 41–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որը հանձնարարվել է ոստիկանությանը։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ իրավիճակ` հորդառատ անձրևի հետևանքով
Երեկոյան սկսված հորդառատ անձրևի հետևանքով մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Այս մասին Auroranews-ին ահազանգում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Արտագաղթել է խաշ կամ քյաբաբ չսիրելու պատճառով». Փաշինյան
Բարեկեցության մեջ մտնում է ազատությունը. Ես առնվազն մի քանի դեպք տեսել եմ եվրոպական հյուրանոցներում, երբ ասենք, թեյ կամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրական կյանքում մարդու բյուջեի վրա չի ազդի. Տիգրան Ավինյան
Վերջին մեկ ամսվա ընթացքում մենք ապահովել ենք ռեկորդային հավաքագրումներ՝ համեմատած նախորդ բոլոր ժամանակաշրջանների հետ։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի ընտրատեղամասերից մեկի մոտ
Ծեծկռտուք և դանակահարություն Թբիլիսիի Սամգորի թաղամասի ընտրատեղամասի մոտ։ Հայտնում են տելեգրամյան ալիքները: Ավելի վաղ հա...