Ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով կալանավորված ոսկեպարցին հացադուլ է անում
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղի 49-ամյա բնակիչ, Արկադի Պապյանը, ով կալանավորված է ամերիկացի գործարարի կնոջ առևանգման գործով, անազատության մեջ հացադուլի է դիմել: Այս մասին իր էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Նրա պահանջն այն է, որ այդ կնոջ առևանգման գործով իրեն առաջադրված մեղադրանքը հանեն, որովհետև ինքը չի իմացել, որ Ոսկեպարի շինություններից մեկում պահվող կինն առևանգված է եղել։
Ոսկեպարի բնակիչները կարծում են, որ Արկադի Պապյանը կարող էր չիմանալ, որ Ոսկեպար տեղափոխված կինը առևանգված է, քանզի Ա․ Պապյանը ընդհանրապես դեմ է մարդու առևանգմանը, ինքը նախկինում տուժել է այդ պատճառով։ Նախկինում գործարար Արկադի Պապյանի գործերի պատճառով տարիներ առաջ Ռուսաստանում առևանգել են նրա երկու եղբայրներին, որոնցից մեկը (այժմ՝ հանգուցյալ) առևանգման մեջ, դաժան պայմաններում մեկ տարի է անցկացրել, մյուս եղբայրը առևանգվելուց հետո կարողացել է փախուստի դիմել։
Ա․ Պապյանը 3 երեխա ունի, աղջիկները չափահաս են, տղան՝ դպրոցական»,-գրել է նա: