Ավստրիայում անձրևի պատճառով հազարավոր ծիծեռնակներ են անկել
Հազարավոր ծիծեռնակներ են անկել Ավստրիայում անձրևների պատճառով, որոնք թռչուններին են պատուհասել նրանց Աֆրիկայում ձմեռելու թռիչքի ժամանակ: Այս մասին գրում է Bild տաբլոիդը։
Ինչպես նշել է հրատարակությունը, խոնավ եղանակի պատճառով օդում միջատներ չեն մնացել, որոնցով թռչունները սնվում են թռիչքի ժամանակ։ Արդյունքում ծիծեռնակները հյուծվել են, իսկ ցածր ջերմաստիճանը միայն վատացրել է նրանց վիճակը։
Վիեննայից, Ստորին Ավստրիայից և Շտիրիայից արված լուսանկարներում պատկերված են տասնյակ ծիծեռնակներ, որոնք խցկված են պատուհանների եզրերին, պառկած մայթերին կամ սառչում են ձյան վրա:
Կենդանիների պաշտպանության Tierschutz Austria կազմակերպությունը նշել է, որ ավստրիացիների տեսած ծիծեռնակների թուլացած երամները կամ արդեն անկած են, կամ չեն փրկվի, եթե նրանց հնարավորինս շուտ օգնություն չտրամադրվի:
Տեղի բնակիչներին խրախուսվում է թռչուններին հավաքել արկղերի մեջ և բերել փրկարարական կենտրոններ: Tierschutz Austria-ն առանձին օգնություն է խնդրել նրանցից, ովքեր ունեն ավտոմեքենաներ և վարորդական իրավունք:
Bild-ը նշում է, որ ծիծեռնակներին չի կարելի թույլ տալ տուն մտնել. այնտեղ նրանք խուճապի են մատնվում և բախվում կահույքի կամ պատուհանի ապակու վրա։